Այլ Լուրեր

Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ հոկեյի մրցաշար

Հայաստանի և Ռուսաստանի հոկեյիստները մասնակցեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի մրցանակի համար առաջին անգամ կազմակերպվող հոկեյի մրցաշարին։ Մրցաշարի նախաձեռնողը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնն է՝ Մոսկվայի կառավարության, Երևանի Քաղաքապետարանի և Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի աջակցությամբ։

Հոկեյի մրցաշարի պաշտոնական բացման արարողությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված տղաների։

Մրցաշարի բացման արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ուրախությամբ շեշտեց, որ Երևանի և Մոսկվայի միջև սպորտի ոլորտում գործակցությունը շարունակում է ակտիվ զարգանալ։ Քաղաքապետի տեղակալի խոսքով հոկեյի մրցաշարի անցկացումը Հայաստանում կարևոր է այս մարզաձևի հետագա զարգացման համար:

«Ուրախալի է, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նախաձեռնում է նման մրցաշարեր։ Սահմանապահ վարչությունը միշտ պատրաստ է աջակցել նման միջոցառումների կազմակերպմանը»,-նշեց ՀՀ-ում ՌԴ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը անելու է հնարավորը, որպեսզի մրցաշարը դառնա ամենամյա և ընդլայնի մասնակիցների աշխարհագրությունը: Հայաստանում հոկեյն այնքան էլ զարգացած չէ, ամեն բան անելու ենք, որպեսզի այն դառնա հայերի ամենասիրելի մարզաձևերից մեկը։ Մրցաշարի կազմակերպման գաղափարը ծնվել է կես տարի առաջ, երբ իմացանք, որ նման մրցումներ Հայաստանում դեռ չեն անցկացվել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ներդրում են ունեցել մրցաշարի կազմակերպման գործում», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հոկեյի մրցաշարի բացման արարողությանը ներկայացան գեղասահքի դպրոցի աշակերտները։ Միջոցառման կազմակերպմանն աջակցելու և արդյունավետ գործակցության համար Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրենը շնորհակալագրեր հանձնեց ՀՀ-ում ՌԴ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկուն, Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանին:

Մրցաշարի առաջին օրը խաղում էին «Ереванские львы», Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության  «Акулы»,  ՌԴ-ից Հայաստան ժամանած «Перцы» թիմերը։ Մրցաշարի ավարտին թիմերը կստանան գավաթներ, մեդալներ և դիպլոմներ։

Share