Բաժին. Այլ Լուրեր

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ավարտին է մոտենում Շիրակի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Այս կապակցությամբ այսօր Ախուրյանում կայանած Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ) էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու կատարված աշխատանքերին: ՀԱՆի Շարժական հիվանդանոցը, որտեղ իրականացվում են բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով: Բրունո Դյութուան ծանոթացավ ԱՇՀում առկա լազերներին և վիրահատական սարքավորմանը, ականատես եղավ հիվանդների զննմանն ու վիրահատություններին և զրուցեց մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ

Ծրագրի շրջանակներում 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 640 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն ԱՇՀում, տրամադրվել է շուրջ 2000 ակնոց: ԱՇՀում իրականացվել են շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ծրագրի շրջանակում, ակնային զննումներին զուգահեռ, ավելի քան 400 երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ: Շիրակի մարզում ՀԱՆի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:

Նշենք, որ Արագածոտնի մարզում ակնային զննումները տեղի բժիշկների մասնակցությամբ արդեն մեկնարկել են և կշարունակվեն մինչև նոյեմբերի վերջ: Նախատեսվում  է ակնային զննումներ իրականացնել շուրջ 1800  մեծահասակների և 1000 երեխաների համար, վիրահատել մոտ 180 հիվանդի և տրամադրել շուրջ 500 ակնոց: Բացի այդ, ակնային զննումներին զուգահեռ, հանրակրթական դասընթացներ կկազամակերպվեն Արագածոտնի մարզի  ինը դպրոցներում: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամի կողմից ՀԱՆ-ին տրամադրվել է շուրջ 5 մլն դրամ:

Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցում են տեղի ակնաբույժները` մասնավորապես Թալինի և Աշտարակի շրջաններում: Այստեղի և հարակից գյուղերի բնակիչները պետք է դիմեն տեղի ակնաբույժներին, ովքեր հիվանդներին կընդունեն շրջկենտրոններում կամ որոշակի օրերի կայցելեն շրջանների գյուղերը: Այդ այցելություների ժամանակացույցին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար բնակիչները պետք է հետևեն իրենց համայքներում փակցված հայտարարություններին, ինչպես նաև դիմեն տեղի բուժկետ կամ մարզպետարանի առողջապահության բաժին: ՀԱՆի բժշկական խմբերը կայցելեն Արագածի և Ապարանի շրջանները հոկտեմբեր ամսվա ընթացքումԱչքի շարժական հիվանդանոցը կկայանի` հոկտեմբերի 18-21-ը` Ծաղկահովիտում, հոկտեմբերի 24-27-ը` Ապարանում,  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը` Թալինում, և նոյեմբերի 7-ից մինչև ծրագրի ավարտը` Աշտարակում:

Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է  2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դԻվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար: Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:

Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

Share