Այլ Լուրեր

Հայ ուսանողները ամենաբարձր տեղերն են գրավել ճարտարապետության և դիզայնի ոլորտների դիպլոմային աշխատանքների միջազգային մրցույթում

Երիտասարդ հայ ճարտարապետները և դիզայներները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ՌԴ Կազան քաղաքում անցկացված Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատես-մրցույթում: Նրանց շնորհավորելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպվել է պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը:

Կոմիտեի ղեկավարը շնորհավորել է ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև համալսարանի ղեկավար կազմին՝ միջազգային ասպարեզում մասնագիտական բարձր նվաճումների համար: Երիտասարդ մասնագետներին հաջություն մաղթելով աշխատանքային գործունեության ընթացքում՝ Արմեն Ղուլարյանը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց ունակությունները և ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Հայաստանի բնակավայրերի կառուցապատման պատասխանատու գործում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

Կազանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմակերպած մրցույթին մասնակցել էին ճարտարապետական 58 բուհեր, որոնցից 5-ը՝ ԱՊՀ երկրներից: Ներկայացված 699 աշխատանքներից 20-ի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների բակալավրի, մագիստրատուրայի ուսանողներն ու շրջանավարտներն էին: Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանի խոսքով՝ տարիներ շարունակ միջազգային այս մրցույթին հաջողությամբ մասնակցած հայաստանյան մասնագիտական բուհն այս անգամ աննախադեպ արդյունք է գրանցել. ավարտական 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել են առաջին տեղ, իսկ երկուսը՝ երկրորդ: Աշխատանքներից մի քանիսը հակիրճ ներկայացվել են նաև պարգևատրման արարողության ժամանակ, որի ավարտին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և համալսարանի ռեկտորը միջազգային մրցույթի դիպլոմներն են շնորհել աշխատանքների հեղինակներին և նրանց ղեկավարներին: Վերջիններս պարգևատրվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրով:

Share