Բաժին. Այլ Լուրեր

Վերին Լարսում բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է

Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին վերականգնվել Է երթևեկությունը կցորդով և կիսակցորդով մեքենաների համար, հաղորդել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը:

Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին, որը տանում է դեպի վրաց-ռուսական սահման, առատ ձյան պատճառով պարբերաբար մտցվում են տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ։ Երթևեկությունը վերականգնվում է ճանապարհներից ձյունը մաքրելուն զուգընթաց։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվելու Է առանց դադարի՝ միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։ Կցորդով և կիսակցորդով մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի կարգով։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ Ռազմավիրական ճանապարհն, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ:

Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա: Ռազմավիրական ճանապարհի (Կովկասյան լեռնաշղթայով անցնող և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհը) մի հատվածում երթևեկության սահմանափակումների պատճառով Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում հունվարի 9-ին կուտակվել էր 615 բեռնատար:

Ռազմավիրական ճանապարհով խոշոր բեռնատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումներ էին մտցվել հունվարի 8-ից՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով:

Share