Բաժին. Այլ Լուրեր

Համաշխարհային բանկը 1.78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիային

Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։

«Համաշխարհային բանկն այսօր հայտարարել է Թուրքիային արտակարգ օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման համար 1,78 միլիարդ դոլար հատկացնելու մասին», – ասվում է ՀԲ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀԲ-ն «նաև ձեռնամուխ է եղել վնասների արագ գնահատմանը՝ աղետի մասշտաբները հասկանալու և վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու նպատակով առաջնահերթ ոլորտները որոշելու համար»։

Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհերի թիվն առնվազն 18 342 է, վիրավորների թիվը՝ 74 242: 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է:

Share