Այլ Լուրեր

BRICS-ը խմբի կազմ նոր երկրների ընդունման չափանիշների գործընթաց է մշակում

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) ընդլայնման հայեցակարգն ու սկզբունքները կմշակվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում և կներկայացվեն խմբի անդամ երկրների արտգործնախարարների՝ հունիսին կայանալիք նիստին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով BRICS-ում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անիլ Սուկլալի խոսքերը։

«Փետրվարի սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած BRICS-ի անդամ երկրների ներկայացուցիչների և ներկայացուցիչների օգնականների հանդիպման ժամանակ մենք սկսեցինք քննարկել BRICS-ի ընդլայնման հարցը, – նշել է նա։ – Դրանով իսկ մեկնարկել է խմբի կազմ նոր երկրների ընդունման չափանիշների մշակման մասին որոշման իրականացումը, որն ընդունվել է 2022 թ.-ի հունիսին BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում»։

Սուկլալը նշել է, որ կազմակերպության ներկայացուցիչները Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած հանդիպմանը պայմանավորվել են մշակել և ընդունել BRICS-ի ընդլայնման հայեցակարգը։

«Առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք կունենանք ևս երեք հանդիպում, որպեսզի փոխհամաձայնության գանք BRICS-ի ընդլայնման վերաբերյալ հանձնարարականների, սկզբունքների և մոտեցումների շուրջ», – ասել է նա:

«Համապատասխան զեկույցը պետք է ներկայացվի BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարների քննարկմանը, որը նախատեսված է հունիսի սկզբին: Այժմ սկսվել է մեծ աշխատանք BRICS-ի ընդլայնման և նոր անդամների ընդունման չափանիշների ուղղությամբ»:

Ալժիրը, Արգենտինան և Իրանն արդեն ներկայացրել են BRICS-ին անդամակցելու հայտեր։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը հայտարարել են այս խմբին անդամակցելու շահագրգռության մասին։

2006 թվականին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը ստեղծեցին BRIC խումբը: Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​դրան անդամակցել է 2011 թվականին՝ այն վերածելով BRICS-ի։

Հարավաֆրիկյան Հանրապետությունն ​​այս տարի նախագահում է BRICS-ում: BRICS-ի ղեկավարների առկա ձևաչափով գագաթնաժողովը տեղի կունենա առաջիկա օգոստոսին, Դուրբան քաղաքում:

Share