Այլ Լուրեր

Դոմ Մոսկվի. Երևանցիներն ու քաղաքի հյուրերը եռօրյա միջոցառումներով տոնել են Բարեկենդանն ու Մասլենիցան

Երեք օր  երևանցիներն ու քաղաքում գտնվող զբոսաշրջիկները նշում էին Բարեկենդանը: Երևանի սրտում՝ Դիանա Աբգարի անվան այգում և Կարապի լճի շրջակայքում կազմակերպված միջոցառումները նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ)։ 

Հյուրերի համար պատրաստվել էր հագեցած համերգային ծրագիր՝ պարային խմբերի, երիտասարդ տաղանդավոր կատարողների, ինչպես նաև հայկական և ռուսական ժողովրդական ռոք և ջազ խմբերի մասնակցությամբ: Միջոցառման հյուրերը ծանոթանում էին Բարեկենդանի և Մասլենիցայի ավանդույթներին։

Մանկական ծրագրի շրջանակում երեխաների հետ զբաղվում էին անիմատորները, հատուկ տաղավարում փոքրիկների համար անկացվեց արհեստների վարպետության դաս, զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էր Ռոբերտ Սահակյանցի «Ишь ты, Масленица!» մուլտֆիլմը։ Երեխաների համար կազմակերպվել էին նաև մրցույթներ, հաղթողներին բաժանվեցին գունագեղ գրքեր։ 

Հատուկ ծրագրով ներկայացան նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնի արտիստները։

Պատրաստվել էր անվճար հյուրասիրություն, հյուրերը համտեսեցին Բարեկենդանի և ռուսական Մասլենիցայի խորհրդանիշները՝ ախորժելի թխուկներ և նրբաբլիթներ։

Տոնական ծրագիրը վարում էին հայկական Բարեկենդանի և ռուս Մասլենիցայի կերպարներով արտիստները, որոնք հետաքրքիր փաստեր ներկայացրեցին տոնի մասին։

«Բարեկենդանը հայ և ռուս ժողովուրդների ամենահին և սիրելի տոներից։ Մեզ համար կարևոր էր ներկայացնել երկու ժողովուրդների ավանդույթները, ցույց տալ մշակութային ընդհանրությունները։ Հուսով ենք, որ նման միջոցառումներն էլ ավելի կուժեղացնեն մեր ժողովուրդների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Եռօրյա տոների ավարտին այրվեց Մասլենիցայի խրտվիլակը, որը խորհրդանշում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։

Share