Այլ Լուրեր

AMX-ը 4-րդ տարին անընդմեջ կմիանա «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջազգային նախաձեռնությանը

4-րդ տարին անընդմեջ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» (Ring the Bell for Gender Equality) միջազգային նախաձեռնությանը կմիանա նաև AMX-ը։ Միջոցառումն այս տարի կազմակերպվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից և տեղի կունենա մարտի 2-ին` Ալեքսանդր հյուրանոցում:

Միջոցառման խոսնակների ցանկում են լինելու Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին և այլոք: Միջոցառմանը մասնակցելու են կառավարության, ֆինանսական և գործարար համայնքների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» նախաձեռնության ընդհանուր գաղափարախոսությունն է սահմանել կայունության սկզբունքները աշխատավայրերում, նպաստել կանանց հզորացման սկզբունքների տարածմանը և բարձրացնել տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց իրավունքների և լիազորությունների հավասարության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Միջոցառումը կազմակերպվում է «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից:

Այս տարի «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջազգային նախաձեռնությանը միացել են ավելի քան 117 բորսաներ ամբողջ աշխարհից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան 2019 թվականին է առաջին անգամ միացել «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» նախաձեռնությանը, իսկ 2020-ին ընդունել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքները (Women’s Empowerment Principles (WEPs)):

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Share