Բաժին. Այլ Լուրեր

CIRCLE.AM-Ի ՊԱՏԱՍԽԱՆՆ «Ա1+»-ԻՆ

«Բիզնես 24»-ը ներկայացնում է Circle.Am ադմինիստրատոր Ավետիս Ավագյանի մեկնաբանությունը` Մեսրոպ Մովսիսյանի (Ա1+, տնօրեն)` Circle.Am-ին վերաբերվող հայտարարությունների շուրջ` առանց խմբագրական փոփոխությունների.

2012թ. հունվարի 23-ին,«Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ա1+» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը անդրադարձավ նաև լրատվական կայքերի այցելությունների տվյալներին, որոնք տրամադրում է Circle.Am-ը։  «Ա1+»-ի YouTube ալիքում տեղադրված համապատասխան տեսանյութն` այստեղ:

Պրն. Մովսիսյանը պնդում է, որ «Լուրեր և լրատվամիջոցներ» բաժնի ցուցակի վերևում գտնվող (այսինքն՝ ամենաշատ այցելություն ունեցող) 12-13 կայքերի տեղերը «որոշված» են և «իրականության հետ կապ չունեն»։ Փորձենք հասկանալ, թե ինչ նկատի ունի պրն. Մովսիսյանը։

Տեսանյութը դիտելով հանգում ենք եզրակացության, որ, ըստ երևույթին, պրն. Մովսիսյանը նկատի ունի, որ Circle.Am-ը «նկարում» է «Լրատվամիջոցների» բաժնի ամենաայցելվող 12-13 կայքերի թվերը՝ «վերևից» իջեցված «որոշված» թվերին համապատասխան։ Մի կողմ դնենք Circle.Am-ի 10 տարվա ընթացքում վաստակած անաչառ և անկողմնակալ լինելու համբավը և հայացք ուղղենք «մեծ եղբորը»՝ Google Analytics-ին։ Google Analytics-ի թվերը գրեթե առանց բացառությունների համընկնում են Circle.Am-ի թվերի հետ։ Նման համեմատություններ արվել են բազմաթիվ անգամ։ Ցանկացած կամայական պահի կարելի է նոր համեմատություններ անել հենց այդ 12-13 կայքերի համար։ Համոզված ենք, որ այդ 12-13 կայքերի մեծ մասը անկախ փորձագետների կտրամադրի իրենց Google Analytics-ի տվյալներին ծանոթանալու հնարավորություն, եթե նման կարիք լինի։

Սակայն սա ի՞նչ է նշանակում. մի՞թե Google-ին էլ են հրահանգ իջեցրել, որին նա լուռումունջ հետևում է։ Իհարկե, դա աբսուրդ է։ Եկեք գտնենք մեկ ուրիշ բացատրություն պրն. Մովսիսյանի ասածներին։

Միգուցե պարոն Մովսիսյանը նկատի է ունեցել, որ թվերը «որոշված» են, սակայն դա արվում է այսպես կոչված «նակրուտկաների» միջոցով, այլ ոչ թե Circle.Am-ի կողմից։ Նշենք, որ գերազանց մակարդակ պետք է ունենան այդ «նակրուտկա» անողները, քանի որ դրանք «արվում» են 12-13 կայքի համար, տարիներ շարունակ, մեծ ծավալներով, և տեխնիկապես ոչ մի կերպ չի հայտնաբերվում դրանց գոյության փաստը։ Մի պահ ենթադրենք, թե նման բան իսկապես գոյություն ունի, և իմ մասնագիտական մակարդակը և 10 տարիների փորձը չեն բավարարում այս խնդիրը լուծելու համար։ Սակայն կրկին վերադառնում ենք նույն Google Analytics-ին։ Հայկական ամեն ինչն իհարկե շատ լավն է, սակայն մի՞թե այնքան լավն է, որ անգամ Google-ն է անզոր հայ «նակրուտկաների» առջև։ Ինչո՞ւ են Google Analytics–ի թվերը համընկնում Circle.Am-ի թվերի հետ։ Պատկերի ամբողջականության համար կարելի է նաև նշել, որ հայկական կայքերի մի մասն օգտվում է նաև այլ ռեյթինգների ծառայություններից, և դրանց թվերը նույնպես համահունչ են Circle.Am–ի թվերին։ Կարծես թե նույն աբսուրդին հանգեցինք:

Այդ դեպքում ո՞րն է իրականությունը, վերջապես։ Իրականությունն այն է, որ «Ա1+»-ը ոլորտի առաջատարը չէ, սակայն իրենք սա դեռ չեն հասկացել կամ չեն ուզում ընդունել։ Որպես մասնագետ, նշենք փաստեր՝ «Ա1+»-ի կայքի այցելուների վերաբերյալ։ Հուսով եմ՝ «Ա1+»-ը (և ոչ միայն «Ա1+»-ը) օգուտ կքաղի ստորև գրվածից։

Ժամանակին «Ա1+»-ն իսկապես առաջատարն էր վերոնշյալ ոլորտում։ Այն ոչ միայն առաջատարն էր «Լուրերի և լրատվամիջոցների» բաժնում, այլև ամբողջ ԱրմՆեթում, հատկապես՝ եթե դիտարկեինք միայն հայաստանյան այցելությունները։ Սակայն «Ա1+»-ը կորցրեց իր դիրքերը. վերջին 4 տարվա ընթացքում a1plus.am կայք այցելությունների տարեկան աճը գտնվել է 10-15%-ի տիրույթում, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում Ինտերնետից օգտվողների քանակն ավելացել է մի քանի անգամ։ Ավելացել է նաև այն ժամանակը, որը Ինտերնետից օգտվողները ծախսում են ցանցում՝ օրվա ընթացքում։ Իսկ «Ա1+»-ի «հաջողությունները»  տարեկան 10-15%-ի չափով են։ Սա անգամ նույն տեղում մնալ չէ, սա հետընթաց է Հայաստանի Ինտերնետի բուռն զարգացման լույսի ներքո։

Որո՞նք էին այն պատճառները, որոնք թույլ չտվեցին «Ա1+»–ին՝ զարգանալ մրցակիցներին հավասար արագությամբ։ Նշեմ դրանցից մի քանիսը. համոզված եմ, որ կան նաև այլ պատճառներ.

– Կայքի դիզայնը փոխվեց։ Նոր դիզայնում լրահոսը, ինչի համար հիմնականում կայք է գալիս այցելուների մեծագույն մասը, զբաղեցրեց բրաուզերի պատուհանի երևացող մասի ընդամենը 20-25%-ը: Այդ խղճուկ տարածքում երևում են 10 վերջին նորությունների միայն վերնագրերը, այն էլ՝ ամբողջը գրված մեծատառերով։ Ավելին տեսնելու համար անհրաժեշտ է կատարել հավելյալ գործողություններ։ Սա ճակատագրական սխալ էր լրատվական կայքի համար։ Եվ սրա մասին ես տեղեկացրել եմ «Ա1+»–ին՝ նշածս փոփոխության հենց առաջին օրերին։ Առաջին էջը նաև գերծանրաբեռնված է։

– Սոցիալական ցանցերի անբավարար գործածում։ Հայտնի է, որ սոցցանցերը այցելուների մեծ ծավալներ են ապահովում կայքերի համար։ «Ա1+»-ը որոշ քայլեր ձեռնարկել է այս ուղղությամբ (YouTube), սակայն այլ առաջատար կայքերն ավելի մեծ հաջողություններ են արձանագրել այս ոլորտում։

– Նեղ մասնագիտացում։ «Ա1+»-ը, չնայած տրամադրում է, կարծես թե, տարբեր տեսակի նորություններ, գլխավոր շեշտը, այնուամենայնիվ, միշտ դնում է քաղաքական իրադարձությունների վրա՝ խիստ ընդդիմադիր տեսանկյունից։ Մասնագիտացման մեջ վատ բան չկա, իրականում սա միայն ողջունելի է, սակայն նեղ մասնագիտացում ունեցող կայքը չի կարող մրցել (մարդաքանակի առումով) բազմատեսակ (նաև՝ «դեղին») նորություններ տրամադրող կայքերի հետ։ «Ա1+»–ը գուցե ենթադրել էր, որ իր այցելուները քիչ են, սակայն ավելի հավատարիմ են, այսպիսին են, կամ՝ այնպիսին են… Գուցե. ես չեմ վիճում։ Սակայն եթե խոսում ենք մարդաքանակի մասին, ապա, ավաղ, հաղթում է նա, ում «ապրանքը» բոլորի համար է։

– Հիանալի արձակուրդներ։ Ուրախալի է, որ պրն. Մովսիսյանը լավ է հոգում իր աշխատակազմի հանգստի մասին, սակայն ամեն տարի կայքը սառեցնել շաբաթներով՝ ճակատագրական սխալ է։ Պրն. Մովսիսյանը, կարծում եմ, հասկանում է, որ երբ ընթերցողին լուրեր են անհրաժեշտ, և նա դրանք չի գտնում իր գերադասած կայքում, ապա այդ նորությունները գտնում է մեկ այլ կայքում։ Եվ այդ նոր կայքը հեշտությամբ կարող է դառնալ նրա գերադասած կայքը։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին ընտրությունը շեշտակի ավելացել է հայկական շուկայում. կան նորությունների բազմաթիվ որակյալ (դիզայնի տեսակետից, այլ) կայքեր։ Նորությունների համար այժմ նաև կարելի է այցելել բլոգներ, իսկ սոցիալական ցանցերից կարելի է ընդհանրապես դուրս չգալ եւ հետեւել նորություններին։

Կարելի է շարունակել, սակայն այսքանը, կարծում եմ, բավարար է, որպեսզի հասկանանք, թե ինչու ոլորտի առաջատարը մի քանի տարվա ընթացքում շարունակաբար զիջում է իր դիրքերը մրցակիցներին։

Արդարության համար նշեմ, որ, ըստ «Ա1+»-ի` իրենց YouTube-ի ալիքն այցելում են գրեթե նույնքան հաճախ, որքան բուն կայքը։ Միգուցե։ Circle.Am-ը կայքերի ռեյթինգ է և սոցցանցերի այցելուների քանակին չի հետևում։

Share