Այլ Լուրեր

ԶԱՀ-ը կայքի և ենթակառուցվածների մշակման և սպասարկման բաց մրցույթ է հայտարարել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) իր կայքի և ենթակառուցվածների մշակման և սպասարկման բաց մրցույթ է հայտարարել։ Մրցույթի մասին հրապարակում է արված Հիմնադրամի կայքում` https://bit.ly/website-pitch, որտեղ նաև տեղադրված է առաջադրանքի տեխնիկական նկարագիրը և Հիմնադրամի գնումների ընթացակարգը։ 

Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հիմնադրամի վեբ կայքի մշակման և սպասարկման պայմանագիր։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում և որևէ այլ երկրում գրանցված կազմակերպությունները:

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները (գին, փորձ, ժամկետ և տեխնիկական առաջարկ)։

Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն և ռուսերեն։

Մրցութային առաջարկություններն (այսուհետ նաև՝ «մրցութային հայտ») անհրաժեշտ է ներկայացնել հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցման 4-րդ մասի 4.2 կետում նշված հասցեով մինչև 2023թ ապրիլի 18-ը ժամը 18:00-ն։

Մրցութային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են՝

  • փաստաթղթային եղանակով և/կամ
  • էլեկտրոնային կրիչի միջոցով

Մրցութային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է հրավերի 4-րդ մասով։

Մրցութային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2023թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ին՝ ք Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում, որին կարող են մասնակցել մրցույթի մասնակիցները։ 

Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ Հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։  ԶԱՀ-ը եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  Հիմնադրամը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր դրոշմանիշային վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրաբերություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից։

ԶԱՀ-ը կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

ԶԱՀ-ի առաքելությունն է  համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱԲ մեր հանձնառությամբ: ԶԱՀ-ն աջակցում է 5,131 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն ՀՀ դրամ, այնուհետև ամսական 150,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով, իսկ միջոցների հասանելիության դեպքում հնարավոր է հատուցումների ժամկետի երկարաձգում։ 2017թ-ից ի վեր ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 736 մլդ ՀՀ դրամի հատուցում։

Այսպիսով, ԶԱՀ-ն ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք… հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի… Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին։

Share