Բաժին. Այլ Լուրեր

Լիոնել Մեսսին 35 ոսկե iPhone է նվիրել Արգենտինայի հավաքականի խաղացողներին ու անձնակազմին

Լիոնել Մեսսին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականի խաղացողներին և անձնակազմին ոսկե iPhone-ներ է նվիրել՝ 35  iPhone-ի համար ծախսելով 175 000 ֆունտ ստերլինգ (շուրջ 197,774 եվրո): Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Դեկտեմբերին Քաթարում Աշխարհի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հետ խաղում հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականի ավագը ցանկացել է իր գործընկերներին հուշանվերներ տալ՝ հիշելու իրենց հաղթանակը: Այսպիսով Մեսսին որոշել է 24-կարատանոց ոսկուց սմարթֆոններ նվիրել:

iDesign Gold ընկերության գործադիր տնօրեն Բեն Լիոնսը պատմել է, թե հաղթանակից հետո Մեսսին ինչպես է իրեն դիմել՝ հատուկ նվեր մոդելավորելու համար: Նա հայտնել է, որ Մեսսին iDesigns Gold-ի ամենահավատարիմ հաճախորդներից է և հաղթանակից մի քանի ամիս անց կապ է հաստատել իրենց հետ:

«Նա ասաց, որ հիանալի հաղթանակը տոնելու համար հատուկ նվեր է ուզում բոլոր խաղացողների և անձնակազմի համար, չի ցանկանում ժամացույցի նման սովորական բան նվիրել: Այսպիսով, ես առաջարկեցի ոսկե iPhone-ներ, որոնց վրա գրված կլինեն նրանց անունները: Եվ նրան դուր եկավ այդ գաղափարը»,-այս մասին The Sun-ին պատմել է ընկերության գործադիր տնօրենը:

Յուրաքանչյուր շքեղ iPhone-ի վրա Արգենտինայի հավաքականի տարբերանշանն է ՝ երեք թարմացված աստղերով, խաղացողի անունը, ազգային հավաքականի խաղացողի մարզաշապիկի համարն ու «Աշխարհի առաջնության չեմպիոններ 2022» բառերը:

Սմարթֆոնի ներքևի հատվածում փորագրված է արտադրողի ապրանքանիշն ու շքեղ Patrick Group ապրանքանիշը: Սակայն հայտնի չէ, թե վերջինս  ինչ ներգրավվածություն է ունեցել այդ գործընթացում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share