Բաժին. Այլ Լուրեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Եվրասիա միջազգային համալսարանում այսօր` փետրվարի 15-ին, տեղի է ունեցել գիտագործնական գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին և առաջնահերթություններին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Եվրասիա միջազգային համալսարանի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` գիտաժողովին մասնակցել են 40-ից ավելի զեկույցների հեղինակներ, ովքեր ներկայացրել են մեր հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններ և ՀԿ-ներ: Գիտաժողովին ներկա են եղել նաև բիզնես համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ներկայացված զեկույցները վերաբերել են մեր հանրապետության ինչպես նյութական արտադրության, այնպես էլ սոցիալական ոլորտի զարգացման ռազմավարությանը: Հատուկ անդրադարձ է կատարվել երկրի արտահանման և ներմուծման տնտեսական հաշվեկշռի բարելավմանը` ի օգուտ արտահանման, տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման և հատկապես որակյալ կադրերի պատրաստման հիմնախնդիրներին: Այս նպատակի համար քննարկվել են Եվրոպական առաջադեմ համալսարանի հետ ինտեգրված կրթական գործունեության իրականացման, ՀՀ ծայրամասային և լեռնային շրջանների արագացված և տարածքի հավասարաչափ յուրացման և այս գործում ագրոարդյունաբերական տնտեսության դերի բարձրացման, ընդերքի ռեսուրսների օգտագործման ռազմավարության, ներդրումների և հատկապես Հայաստան-Սփյուռք համագործակցության կատարելագործմանն առընչվող հարցեր:

Գիտաժողովը բաղկացած է եղել երկու մասից` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական հիմնախնդիրների քննարկում և զեկույցների ներկայացում: Ելույթներով հանդես են եկել  բուհերի, կրթական ու գիտական կազմակերպությունների ուսանողներ և դասախոսներ, գիտական աշխատողներ:

Գիտաժողովի շրջանակներում որակյալ կադրերի պատրաստման հրատապությանը և տնտեսության նոր կառուցվածքի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման խնդիրներին է անդրադարձել ՀՀ ԿԳ փոխնախարար տկն. Կարինե Հարությունյանը: Տնտեսության նոր առաջնահերթությունների հիմնավորումներով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ պրն. Արմեն Եգանյանը: Գիտատար տնտեսության առաջնահերթ հարցերը քննարկվել են ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի ելույթի ժամանակ: Հանրապետության ներկայիս տնտեսական իրադրության գնահատման և զարգացման հիմնահարցերը համակողմանիորեն ներկայացվել են տնտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի կողմից:

Գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ` զեկույցներում բարձրացված առաջարկություն-հիմնավորումները կամփոփվեն և կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին` քննարկելու և ընթացք տալու նպատակով:

Share