Բաժին. Այլ Լուրեր

ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԵՂԲԱՅՐՍ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՆՁ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ»

Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը տարածել է հայտարարություն, որտեղ պարզաբանում է Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվելու իր որոշումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Առաջին. Եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում և քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն է առաջացրել ընտրողների, հասարակության լայն շրջանակներում և, իհարկե, մեզ մոտ: Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով և գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը:

Երկրորդ. Խաչատուրի համար ամենևին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր, նախաձեռնություններ, ծրագրեր ունի և ցանկանում է, որպեսզի այդ ծրագրերն իրականանան: Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը:

Երրորդ. Բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջեւ: Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձևավորված ավանդույթը այսուհետ ևս շարունակվի:

Չորրորդ. Իմ առաջադրումը նաև ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին:

Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային ժողովում: Ունեմ աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում եմ տնտեսությունը, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել` կատարելագործելով և բարելավելով օրենսդրությունը: Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները»:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում մերժել էր Խաչատուր Սուքիասյանի պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին դիմումը և գրանցել նրա եղբորը` Սարիբեկ Սուքիասյանին:

Share