Բաժին. Այլ Լուրեր

ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ԱՐՁԱՆԸ

Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ  մայրաքաղաքի կենտրոնում  Մանթաշյանցի արձանը տեղադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումն ընդունվել էր դեռևս 2011թ. հունիսի 20-ին: Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը:

Ավելացնենք, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման և  բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները:

Ալեքսանդր Մանթաշյանցը (1842-1911թթ.) հայ նշանավոր գործարար ու բարեգործ էր: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը: Համարվել է իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը: 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որն արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է նաև ԲաքուԲաթում նավթատարի շինարարությունը: Իր առևտրային գործունեությանը զուգահեռ Ալեքսանդր Մանթաշյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեությամբ:

Share