Այլ Լուրեր

Ռուսաստանը մայիսի 15-ից վերացնում է այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու վերաբերյալ։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը սահմանել է 2000 թվականին: Սակայն Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան մեկնելու համար այցագրեր հարկավոր չեն. Վրաստանն այցագրային ռեժիմը միակողմանի կարգով վերացրել է 2012 թվականի սկզբին։

Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մուտք գործել և մեկնել Ռուսաստանից առանց այցագրերի ձևակերպման, իրենց ինքնությունը հաստատող վավերական փաստաթղթերի հիման վրա (Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական ​​անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստու գրքույկներ, ուղևորության փաստաթուղթ՝ Վրաստան վերադառնալու համար):

Պուտինի հրամանագրի համաձայն՝ բացառություն են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ 90 օրից ավելի ժամկետով բնակվելու, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան: Վրացական կողմը խզել է դրանք 2008 թ.-ի օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։

Share