Բաժին. Այլ Լուրեր

ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ԹՈՌԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՐԵՐԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով 2012 թվականի ապրիլի 16-21-ը Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշովը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշենք, որ ապրիլի 18-ին ժամը 17։00-ին բարերարի թոռը կմասնակցի Ալ. Մանթաշյանցի արձանի բացման արարողությանը։ Արձանը կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Ավելացնենք, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման և  բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները:

Ալեքսանդր Մանթաշյանցը (1842-1911թթ.) հայ նշանավոր գործարար ու բարեգործ էր: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը: Համարվել է իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը: 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որն արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է նաև Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը: Իր առևտրային գործունեությանը զուգահեռ Ալեքսանդր Մանթաշյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեությամբ:

Share