Այլ Լուրեր

Լևոն Մալխասյանը, Մհեր Համբարձումյանը և Արտյոմ Լալայանը ելույթ ունեցան Ռուսաստանի օրվան նվիրված ջազային համերգին

Հայկական ջազի աստղերը երևանյան հանդիսատեսին ներկայացրեցին հայ, ռուս և համաշխարհային կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները՝ Ռուսաստանի օրվան նվիրված երաժշտական երեկոյի ընթացքում: Միջոցառումը նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ակտիվ գործակցում է տարբեր ժանրերում ստեծագործող մշակութային գործիչների և երաժիշտների հետ։ Այս տարի լրանում է հայկական ջազի 70-ամյակը, որոշեցինք մայրաքաղաքի հանդիսատեսին նվիրել ջազ երաժշտության համերգ։ Հայ կատարողները հայտնի են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Ռուսաստանում, որտեղ նրանք հաճախ են ներկայանում ռուս ջազմենների հետ: Աս միջոցառումը կոչված է կրկին ցույց տալու մեր մշակույթների ընդհանրությունը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և նրա գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ վաղեմի ընկերներ ենք։ Տարիներ շարունակ մենք սերտ գործակցում ենք։ Համերգին ելույթ ունենալու հրավերին պատրաստակամորեն արձագանքեցի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ լինելու է բարձր մակարդակի վրա։ Այսօրվա հանդիսատեսի համար կատարեցի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը, որը բարեկամության խորհրդանիշ և կապող օղակ է հայ և ռուս ժողովուրդների միջև: Իսկ երկրորդ կոմպոզիցիան նվիրեցի իմ հեռակա ուսուցիչ Օսկար Փիթերսոնի հիշատակին», –   նշեց ՀՀ ժողովրդական արտիստ, ջազմեն, կոմպոզիտոր և երաժիշտ Լևոն Մալխասյանը։

Համերգին ելույթ ունեցավ նաև Մհեր Համբարձումյանը՝ լեգենդար ծանրորդ, աշխարհի ռեկորդակիր Սերգո Համբարձումյանի որդին: Մհեր Համբարձումյանի երգացանկում կան բազմաթիվ կատարումներ Ֆրենկ Սինատրայի երգացանկից: Ջազային երեկոն համընկել էր Մհերի ծննդյան տարեդարձի հետ։ 

«Ուրախ եմ, որ հանգամանքների բերումով Ռուսաստանի օրվան նվիրված համերգը համընկավ իմ ծննդյան օրվա հետ։ Ավելի քան 50 տարի ապրում և ստեղծագործում եմ Մոսկվայում, ուրախ եմ այստեղ լինելու համար, շատ ոգևորեց հանդիսատեսի ջերմ ընդունելությունը», – նշեց Մհեր Համբարձումյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ջազ տրիոն՝ կոմպոզիտոր և երաժիշտ Գարիկ Սարիբեկյանի գլխավորությամբ, «Ջազ հայկական ակցենտով» նախագծի հեղինակ, կոմպոզիտոր Արտյոմ Լալայանը, Նիկ Տեր-Հովհաննիսյանը (կիթառ), Արեգ Կարախանյանը (սաքսոֆոն), վոկալիստներ Սոնա Ումրոյանը և Արման Վարդանյանը:

Համերգին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ՀՀ պետական կառույցների և ռուսական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Share