Բաժին. Այլ Լուրեր

WhatsApp-ը գործարկում է Channels գործառույթը հեռարձակվող հաղորդագրությունների համար

Meta-ն WhatsApp-ում գործարկում է հեռարձակման վրա հիմնված հաղորդագրությունների փոխանակման գործառույթ, որը կոչվում է Channels։ Այն նման է Instagram-ի վերջին թարմացմանը, քանի որ ընկերությունը փորձում է իր 2 մլրդ օգտատերերին ավելի շատ խոսակցական ուղիներ տրամադրել:

WhatsApp-ում Channels հաղորդագրությունները կցուցադրվեն նոր ներդիրում, որը կոչվում է Թարմացումներ: Սա շեղում է Meta-ի մոտեցումից Instagram-ում, որտեղ ալիքի հայտարարությունները փոխանցվում են ուղիղ հաղորդագրությունների միջոցով: WhatsApp-ում Meta-ն կենտրոնանում է այն կազմակերպությունների վրա, ինչպիսիք են ՀԿ-ները, բժշկական հետազոտական հաստատությունները և փաստերը ստուգող մարմինները:

Այս ալիքներով ադմինները կարող են ուղարկել տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր, սթիքերներ և հարցումներ անել, ասել է Meta-ն։ Հատկանշական է, որ դրանք միակողմանի հաղորդագրություններ են, ուստի ալիքի մասնակիցները չեն կարողանա պատասխանել այդ հաղորդագրություններին:

Մինչ օգտատերերը կարող են միանալ ալիքներին հրավերի հղման միջոցով, WhatsApp-ը նաև ստեղծում է հոբբիների, սպորտային թիմերի և տեղական պաշտոնյաների համար տարբեր ալիքներ գտնելու առաջարկներ: Ընկերությունը հայտնել է, որ գործիքներ կներկայացնի ադմինների համար՝ անջատելու իրենց ալիքների հայտնաբերումը:

«Այսօր մենք հայտարարում ենք WhatsApp ալիքները՝ մասնավոր միջոց՝ հետևելու ձեզ համար կարևոր մարդկանց և կազմակերպություններին անմիջապես WhatsApp-ի ներսում: Մենք սկսում ենք Սինգապուրից և Կոլումբիայից, բայց այս տարվա վերջին այս գործառույթը հասնելի կլինի ողջ աշխարհում: Մենք կառուցում ենք ալիքներ՝ որպես հաղորդակցման ամենագաղտնի միջոց: Որպես ալիքի ադմինիստրատոր՝ ձեր հեռախոսահամարը չի ցուցադրվի հետևորդներին, իրենց հերթին ալիքին միացած օգտատիրոջ տվյալները հասանելի չեն լինի ալիքի ադմինին կամ ալիքին հետևող այլ օգտատերերին», – ասվում է Մարկ Ցուկերբերգի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ Channels-ով ուղարկված հաղորդագրությունները 30 օր հետո կջնջվեն, և ընկերությունը դրանց մասին որևէ գրառում չի պահի։

Meta-ն նաև ուսումնասիրում է ալիքներում գտնվող բիզնեսների համար վճարային ծառայությունների խթանումը, ինչպես նաև դրանք գովազդելու հնարավորությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում WhatsApp-ը օգտատերերին թույլ է տվել հեշտությամբ վճարել վաճառականներին հավելվածի ներսում Բրազիլիայում և Սինգապուրում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share