Այլ Լուրեր

Մեղրիում բացվել է 10-րդ ռուսական կենտրոնը

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Մեղրիում տեղի ունեցավ 10-րդ ռուսական կենտրոնի բացումը: Կարմիր ժապավենը կտրեցին ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը: 

Նախագիծն իրականացվել է ՌԴ Նախագահի աշխատակազմի, Մեղրիի քաղաքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:

 Մեղրիում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացների սաները պատրաստել էին ելույթ, որի ընթացքում կատարեցին հայկական և ռուսական ժողովրդական պարեր, երգեր ու բանաստեղծություններ:

«Ռուսական կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է բոլորիս համար։ Նման կենտրոնները լրացուցիչ հնարավորություն են բարելավելու ռուսաց լեզվի գիտելիքները։ Ռուսերենի իմացությունը լայն հնարավորություններ է բացում հետագա մասնագիտության ընտրության գործում։ Այս համատեքստում կենտրոնները կարևոր դեր են խաղում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթամշակութային երկխոսության ընդլայնման գործում», – նշեց ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։

 ՌԴ Նախագահի աշխատակազմը նորաբաց կենտրոնին նվիրեց 3D տպիչ, որը կօգնի կրթական գործընթացն ավելի հետաքրքիր դարձնել և երեխաների մոտ զարգացնել ստեղծագործ մտածողությունը:

«Ուրախ եմ ներկա գտնվել 10-րդ հոբելյանական ռուսական կենտրոնի բացմանը։ Ռուսաստանի մշակութային և հումանիտար ներկայությունն ապահովում են նաև ռուսական կենտրոնները։ Ի վերջո, ռուսաց լեզվի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հետագայում ընդունվել ռուսական համալսարաններ: Ամեն տարի Ռուսաստանը հարյուրավոր տեղեր է հատկացնում հայ շրջանավարտներին, որպեսզի նրանք սովորեն, մասնագիտություն ստանան և վերադառնան Հայաստան: Այդ գործում իրենց ներդրումն են ունենում նաև Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից բացված ռուսական կենտրոնները», – նշեց Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի 8 մարզերում բացված ռուսական կենտրոնների գործունեությունը, որոնք ուղղված է ռուսական մշակույթի, պատմության և լեզվի ներկայացմանն ու հանրահռչակմանը: Բացի ռուսաց լեզվի անվճար դասընթացներից, կենտրոններում անցկացվում են լրացուցիչ կրթության դասընթացներ, որոնց շնորհիվ երեխաները ծանոթանում են ռոբոտաշինության հիմունքներին, սովորում են ֆինանսական գրագիտություն և նկարահանում են իրենց առաջին անիմացիոն ֆիլմերը: Կենտրոնի հարուստ գրադարանի շնորհիվ քաղաքացիները կարող են ուսումնասիրել ռուս գրողների ստեղծագործությունները, հետաքրքիր փաստեր իմանալ Ռուսաստանի և Մոսկվայի մասին:

«Հայաստանի մարզերում բացված ռուսական կենտրոնների միջոցով «Դոմ Մոսկվի»-ին  ջանում է իր լուման ներդնել մեր երկրների և ժողովուրդների միջև կրթամշակութային երկխոսության զարգացման գործում։ Մենք գիտակցում ենք, որ գրագետ, կիրթ սերունդը երկրի զարգացման ու բարգավաճման երաշխավորն է: Վստահ ենք, որ երեխաներին արժանապատիվ կրթություն տալով՝ ապագայում կունենանք ավելի զարգացած և առաջադեմ հասարակություն», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։  

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մշտապես աջակցում է ուսուցիչներին՝ ցուցաբերելով մեթոդական աջակցություն և կազմակերպելով սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև ռուսաց լեզվի անվճար դասընթացների շրջանավարտներին հավաստագրերի հանձնման արարողությունը: Կենտրոնի նախասրահում բացվեց  նաև «Մոսկվան պարզապես քաղաք չէ» լուսանկարչական ցուցահանդեսը։

Share