Բաժին. Այլ Լուրեր

ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ. ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ մայիսի 2-ին, որոշում է ընդունել, ըստ որի՝ ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:

Համաձայն քաղաքապետի որոշման՝ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա: Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել էր Մաշտոցի պուրակ, տեղում ծանոթացել ընթացող բարեկարգման աշխատանքներին և իր դիրքորոշումը հայտնել այնտեղ տեղադրված ժամանակավոր տաղավարների վերաբերյալ: Ըստ այդմ, Հանրապետության ղեկավարն առաջարկել էր Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:

Share