Բաժին. Այլ Լուրեր

Google-ը արշավ է սկսել, որտեղ iPhone-ն անընդհատ «խանդում է» Pixel-ին

Google-ը թողարկել է 5 տեսանյութ՝ «BestPhonesForever» հեշթեգով՝ մեկնաբանելով, թե  «Ի՞նչ տեղի կունենա, եթե երկու հեռախոս դադարեն մրցակցել և ընկերանան»։ Արշավի գլխավոր հերոսներն են Google-ի Pixel սմարթֆոնը և Apple-ի iPhone-ը։

Տեսահոլովակներից մեկում iPhone-ը հիասթափված է, որ չի կարողանում այնքան շատ բաներ անել, որքան Pixel-ը և «իրականում խանդում է իր AI-ին»: Pixel-ը փորձում է ուրախացնել ընկերոջը, բայց հենց այդ պահին iPhone-ի մարտկոցը նստում է։

Մեկ այլ տեսանյութում Google-ը ծաղրում է գիշերային լուսանկարչությունը iPhone-ով:

Հաջորդ դեպքում Pixel-ը «փրկում» է մարտկոցն ամբողջովին նստած iPhone-ին՝ «կիսելով» իր լիցքը, ինչը խորապես հուզում է Apple սմարթֆոնին։

Չորրորդ տեսանյութում iPhone-ը պարզում է, որ Pixel-ն ունի ներկառուցված անվճար VPN, այնպես որ կարող է օգտվել հանրային Wi-Fi-ից՝ առանց սեփական տվյալների գողացվելու վախի (խոսքը Google One ծառայության մասին է, որի բաժանորդագրությունն անվճար է Pixel 7-ի և Pixel 7 Pro-ի գնման դեպքում): Ապահովության համար iPhone-ը որոշում է միացնել ինքնաթիռի ռեժիմը:

Վերջին տեսահոլովակում iPhone-ը փորձում է գուշակել, թե ինչ նորություն կա Pixel-ում և ասում է, որ «անակնկալներ չի սիրում»: Արդյունքում Pixel Fold-ը «բացվում է», իսկ iPhone-ն՝ ուշաթափվում։

Անհասկանալի է՝ արդյոք Google-ը այս տեսանյութերը կվերածի հեռուստատեսային գովազդի, թե դրանք կմնան առցանց հարթակներում, նշում է Android Police-ը, սակայն այն անշուշտ «հաղթող արշավ» է: Սա առաջին անգամը չէ, որ Apple-ը մրցակիցների կողմից նման արձագանք է ստանում. օրինակ` 2022թ․-ին Samsung-ը գովազդում ծաղրում էր iPhone 14-ը նորարարության բացակայության համար, իսկ չինական ZTE-ն կատակում էր նրա «դինամիկ կղզու» վերաբերյալ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share