Այլ Լուրեր

Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024 թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ 2024 թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման (կլոր կնիք և ամսաթիվ) առկայությունից։

Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։

Գերատեսչությունը նաև զգուշացնում է՝ գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։

Share