Բաժին. Այլ Լուրեր

Էլեկտրոնային եղանակով կիրականացվի սնանկության ամբողջ վարույթը

Կառավարությունը նպատակ ունի ապահովել սնանկության ամբողջ վարույթը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախագիծը բխում է դատական և իրավական ոլորտի 2022-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությունից։

«Էլեկտրոնային սնանկության համակարգի ամբողջական ներդրումը պահանջում է դրան համապատասխան օրենսդրության առկայություն, որը հնարավորություն կտա սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև վարույթի ավարտը, հնարավորինս իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանց լրացուցիչ փաստաթղթաշրջանառության՝ առավելագույնս բացառելով մարդկային միջամտությունը և գործընթացները իրականացնելով առանց կողմերի անմիջական մասնակցության։

Նշվածով պայմանավորված՝ ռազմավարությամբ նախատեսված է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա «Սնանկության մասին» օրենքի փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի մշակում՝ էլեկտրոնային համակարգերի պատշաճ կիրառումն ապահովելու համար։

Ընդ որում, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրմանը զուգահեռ իրավական դաշտի համապատասխանեցումը և նախապատրաստումը բխում է նաև այս ոլորտում սահմանված Եվրոպայի խորհրդի չափանիշներից», – ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ, որոնք առաջ են եկել իրավակիրառ պրակտիկայում, և այդ խնդիրների լուծումը նույնպես կտրվի կարգավորումներով։

Share