Բաժին. Այլ Լուրեր

Windows համակարգիչներից 10-ից 7-ը դեռ օգտագործում է Windows 10

Windows 10-ի վերջին թարմացումը թողարկվել է 2022թ․, և համակարգը մոտենում է իր կյանքի ցիկլի ավարտին: Կարելի է ենթադրել, որ ծրագրային ապահովման հարթակի պահանջարկը կնվազի: Այնուամենայնիվ, Statcounter-ի տվյալները ցույց են տալիս, որ Windows 10-ը նույնքան պահանջված և հայտնի էր 2023թ․-ի վերջին, որքան 2022թ․-ին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս օպերացիոն համակարգը տեղադրված է 10 Windows համակարգիչներից մոտ 7-ի վրա:

Ըստ Statcounter-ի հաշվարկների՝ Windows 10-ն ավարտեց 2023թ. 67,42% մասնաբաժնով, մինչդեռ 1 տարի առաջ այս օպերացիոն համակարգն օգտագործվում էր Windows համակարգիչների 67,95%-ի վրա։ Սա նշանակում է, որ Windows 10-ի ինտեգրումը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 12 ամիսների ընթացքում, չնայած Microsoft-ի ջանքերին՝ խրախուսելու օգտվողներին նորացնել Windows 11: Թեև վերջինիս մասնաբաժինը տարվա ընթացքում աճել է 10%-ով, նոր օպերացիոն համակարգի ինտեգրումը չի ընթանում այնքան արագ, որքան կցանկանար ծրագրային ապահովման հսկան: 2023թ. դեկտեմբերի դրությամբ Windows 11-ը տեղադրվել է ամբողջ աշխարհում ավելի քան ¼ համակարգիչների վրա:

Ինչպես Windows-ի նախորդ տարբերակներում, Windows 10-ի պահանջարկը շարունակում է ապահովել բիզնեսներում նրա ներգրավվածությունը։ Ըստ Steam հարթակի՝ Windows 10-ն արդեն մի քանի ամիս է, ինչ դանդաղ, բայց հաստատուն կերպով զիջում է իր դիրքերը Windows 11-ի նկատմամբ, և այս պահին դրանց միջև տարբերությունն ընդամենը 11% է: Windows 11-ն անկասկած կշարունակի գերազանցել Windows 10-ն այս տարի: Այնուամենայնիվ, կարևոր է նաև մատնանշել այն փաստը, որ Steam-ի օգտատերերի կեսից ավելին դեռ աշխատում է Windows 10-ով:

Windows 10-ն իր կյանքի ցիկլը կավարտի 2025թ. հոկտեմբերին, որից հետո այն այլևս չի սպասարկվի։ Չնայած դրան, Microsoft-ը պատրաստ է երկարացնել օպերացիոն համակարգի աջակցության ժամկետը ևս 3 տարով, սակայն դրա համար պետք է վճարել առանձին։ Առայժմ հայտնի չէ, թե որքան կարժենա բաժանորդագրությունը, որը թույլ կտա օգտատերերին անվտանգության թարմացումներ ստանալ Windows 10-ի աջակցության ավարտից հետո՝ 2025թ.։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share