Բաժին. Այլ Լուրեր

Կենտրոնական բանկը Պատմության թանգարանին է նվիրաբերել ՀՀ շրջանառու թղթադրամները

Հայաստանի պատմության թանգարանում «Դրամը Հայաստանում. ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ցուցադրության փակման նախօրեին՝ ՀՀ կենտրոնական բանկը թանգարանին նվիրաբերեց բանկի հավաքածուից Հայաստանի երկրորդ (1999-2015 թթ.) և երրորդ (2018 թ.) շարքի շրջանառու թղթադրամները։

Արմենպրեսի հաղորդմամբ՝ ԿԲ-ն նվիրաբերեց նաև ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի կողմից խմբագրված գրքի մեկ օրինակ, որը նվիրված է բանկի պատմությանը:

«Նմանատիպ համագործակցության ընթացքում մեր ազգային ֆոնդը համալրվում է նոր նյութերով, որոնք շատ կարևոր են: Համագործակցությունը ՀՀ ԿԲ-ի հետ ավանդույթի է վերածվել: Այս ցուցահանդեսը ոչ միայն ներկայացրեց, այլ նաև նոր նյութեր ձեռք բերելու հնարավորություն ստեղծեց»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նվիրաբերությունը թանգարանի համար մեծ լրացում էր: Նա տեղեկացրեց՝ թանգարանի նմուշներից 90-100 հազարը հենց դրամագիտական նմուշներ են, որոնք պարբերաբար թարմացնելու և նորերով համալրելու կարիք են ունենում:

«Ի շնորհիվ Կենտրոնական բանկի, ինչ-որ առումով ամբողջացվեց մեր նորօրյա պատմության այս հատվածը, բայց գիտեք, որ թանգարանը համալրման գործընթացի մեջ է, փորձում է անընդհատ թարմացնել իր դրամագիտական հավաքածուները»,- նշեց թանգարանի տնօրենը:

ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանն ընդգծեց՝ Պատմության թանգարանը մեծ դեր է ունեցել ազգային դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում: Նա հիշեցրեց՝ թանգարանը այս ժամանակահատվածում կազմակերպեց նաև գիտաժողով, որին հանդես եկան ինչպես թանգարանի դրամագետներն, այնպես էլ Կենտրոնական բանկի մասնագետները: Նախաձեռնությունը առիթ և կարևոր հարթակ էր, որպեսզի մասնագետները փոխանակվեին տեղեկատվությամբ և իրենց հետազոտություններով:

«Այս ցուցահանդեսը լավագույն առիթն էր, որ մեր քաղաքացիներն, ինչպես նաև մեր մայրաքաղաքի հյուրերը ծանոթանային Հայաստանի հարուստ դրամաշրջանառության պատմությանը: Սա այն ոլորտն է, որտեղ մենք իսկապես հպարտ ենք, որովհետև ունենք հսկա պատմություն»,- ընդգծեց Նահապետյանը:

Share