Այլ Լուրեր

Արհեստական բանականությունը կարողացել է հայտնաբերել քաղցկեղն 98.2% ճշգրտությամբ

Արհեստական ​​բանականության նոր մոդելը 98.2% ճշգրտությամբ կարողացել է հայտնաբերել քաղցկեղի 13 տեսակ՝ հիմնվելով հյուսվածքների նմուշների ԴՆԹ տվյալների վրա:

EMethylNET AI մոդելը մշակվել է Քեմբրիջի համալսարանի փորձագետների կողմից: Հետազոտողները նեյրոնային ցանցին սովորեցրել են հայտնաբերել քաղցկեղի կառուցվածքը վաղ փուլում: Աշխատանքը նվիրված է ԴՆԹ-ի մեթիլացմանը: Սա քիմիական գործընթաց է, որը տեղի է ունենում բջիջների աճի վաղ փուլերում՝ ներառյալ քաղցկեղային բջիջները:

«Քաղցկեղը՝ ավելի քան 200 տարբեր հիվանդությունների հավաքածու է և շարունակում է մնալ հիվանդացության և մահացության առաջատար պատճառն ամբողջ աշխարհում: Մետաստատիկ քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է հիվանդության վերջին փուլերում: Այն կազմում է քաղցկեղով պայմանավորված մահերի 90%-ը: Ուստի հիվանդության վաղ հայտնաբերումը ժամանակակից բուժումների հետ համատեղ զգալի ազդեցություն կունենա քաղցկեղի տարբեր տեսակների գոյատևման և բուժման վրա»,- ասվում է հետազոտության մեջ:

EMethylNET-ը վերապատրաստվել է քաղցկեղի գենոմի ավելի քան 6000 հյուսվածքի նմուշների տվյալների վրա, որոնք ներկայացնում են քաղցկեղի 13 տեսակներ: Մոդելը փորձարկվել է անկախ տվյալների հավաքածուներից կազմված ավելի քան 900 նմուշի վրա:

Նեյրոցանցը թույլ է տալիս ոչ միայն ճշգրիտ հայտնաբերել քաղցկեղը, այլև պատկերացում կազմել մարմնի կողմից ոչ գենետիկ գործոնների կարգավորման մասին, որոնք առողջ բջիջները վերածում են քաղցկեղի բջիջների:

Տեխնոլոգիան պահանջում է հետագա ուսումնասիրություն մինչև կլինիկական փորձարկումները: Ներկայումս աշխատանքներ են տարվում հեղուկ հյուսվածքների մոդելի հարմարեցման ուղղությամբ:

«Կախված վերապատրաստման տվյալների առկայությունից՝ այս մեթոդը կարող է ընդլայնվել՝ հայտնաբերելու քաղցկեղի հարյուրավոր տեսակներ», – ասվում է զեկույցում:

Նախկինում հետազոտողները մշակել էին արհեստական ​​բանականության մոդել՝ բժշկական պատկերներում ոչ միանշանակ արդյունքներ հայտնաբերելու համար:

Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերին Google-ը լիցենզավորեց iCAD-ին կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության հետազոտական ​​AI ալգորիթմը: Իսկ նախորդ տարվա հոկտեմբերին արհեստական բանականությանտ սովորեցրել են արյան կաթիլով հայտնաբերել ուղեղի քաղցկեղը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share