Բաժին. Այլ Լուրեր

ՆԵՐՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ՞

Երևանի ոստիկանության արդեն նախկին պետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապված լինել ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված ֆինանսական բուրգի հետ, որի շրջանառությունը կազմել է 2.5 միլիոն դոլար: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակը»:

Թերթը գրում է նաև. «Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի՝ նրա կամ ինչպես ինքն է ասում իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում: Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի այդ, Նազարյանի ընտանիքի՝ Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով: Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել և զարգացնել իր կապերը: Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի, որքանով այդ կապերը կամրանան կամ կթուլանան»:

Հիշեցնենք, որ երեկ, ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանության պետ Ներսիկ Նազարյանն ազատվել է պաշտոնից: Նրա Փսխարեն նշանակվել է Աշոտ Կարապետյանը, ով մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր:

Share