Բաժին. Այլ Լուրեր

TEDXKIDS@YEREVAN. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՊԱՏՄԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանում տեղի կունենա թվով երկրորդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ընթացող միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 300 երեխաներ Երևանից և մարզերից: Այս տարի միջոցառումը կրում է «Մտածիր ինչպես երեխա» խորագիրը:

TEDxKids@Yerevan միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենան 10-18 տարեկան 25 բանախոսներ, ոմանք հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենանվիրական, ամենաանհավանական, ամենահուզիչ, ամենագողտրիկ, ամենահամարձակ ու ամենատարօրինակ փորձառությունների ու գաղափարների մասին:

Բոլոր ելույթների տեսագրությունը հունիսի վերջին կտեղադրվի http://kids.tedxyerevan.com կայքում, որը կնպաստի հայ երեխաների կողմից բարձրաձայնված խնդիրների էլ ավելի լայն տարածմանը:

«Մեր թիմը հավատում է, որ լավագույն գաղափարների տարածումը կարող է ոգեշնչել երեխաներին դառնալ նախաձեռնող և ավելի պատասխանատու իրենց երկրի ապագայի նկատմամբ»,- հայտնեց TEDxKids@Yerevan-ի արտոնագրված անձ Քրիստինե Սարգսյանը: «Եթե համարձակ լինենք ու բաց աչքերով նայենք իրականությանը` կհասկանանք, որ մեր երկիրն այսուհետ ավելի շատ պատկանում է երեխաներին, քան մեզ` մեծահասակներիս։ Նրանք, այսօրվա դրությամբ, ավելի երկար են ապրելու այստեղ քան մենք։ Այդ պատճառով մենք պետք է հաշվի նստենք նրանց բոլոր անհանգստությունների, առաջարկների, նախաձեռնությունների և գաղափարների հետ»։

TEDxKids@Yerevan 2013-ը հնարավոր է դարձել մի շարք ընկերությունների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ, որոնք են` միջոցառման պաշտոնական գործընկեր ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Վորլդ Վիժն Հայաստանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային առողջապահական քարոզարշավը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Հայկական Կարիտաս կազմակերպությունը և Ջուր Ջուր ընկերությունը:

Նախորդ տարվա TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մեր աշխարհը» խորագիրը: TEDxKids@Yerevan 2012 միջոցառման ելույթները դիտելու համար այցելեք http://kids.tedxyerevan.com/ կայք:

TEDx (x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում)

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

TED

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով:

TED-ի ամենամյա համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և իրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը:  

TED կոնֆերանսների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://www.ted.com կայքը:

Share