Բաժին. Այլ Լուրեր

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ 50%-Ը ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՇԱԽՏՅՈՐԻՆ, 50%-Ը՝ ՕԼԵԳ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

Լիվերպուլի մարզիչ Բրեդ Ջոնսը հարցազրույց է տվել BBC-ին և նշել, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Բրեդ Ջոնսը տեղեկացրել է,  որ Մխիթարյանը մեկնել է Ավստրիա, քանի որ ունի գործող պայմանագիր Շախտյորի հետ և պարտավոր է այնտեղ գտնվել: Ջոնսը նաև ավելացրել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Մխիթարյանի հետ և նրան խորհուրդ տվել մեկնել մարզումների: Բրեդ Ջոնսը նշել է նաև, որ Մխիթարյանը կտեղափոխվի Լիվերպուլ՝ անկախ նրանից, դա շատերին դուր կգա, թե ոչ:

Անգլիական մամուլում այսօր տարածվել է մեկ այլ տեղեկատվություն, ըստ որի՝ Շախտյորի և Լիվերպուլի միջև համաձայնությունն արդեն կնքվել է. Մխիթարյանի տրանսֆերի համար վճարվել է 22 մլն ֆունտ:

Նշենք, որ հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի տրանսֆերը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատճառով գտնվում է մեծ հարցականի տակ. Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Դոնեցկի Մետալուրգ ակումբի նախագահ Օլեգ Մկրտչյանը: Նա զարմացել է, թե որտեղից են մամուլի ներկայացուցիչները հայթայթում և տարածում նման տեղեկատվություն: Մկրտչյանն ավելացրել է, որ այս ամենը հարվածում է Մխիթարյանի տրանսֆերին և ամբողջ հայկական ֆուտբոլին: Օլեգ Մկրտչյանը նշել է, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի 50%-ը պատկանում է Շախտյորին, իսկ մնացած 50%-ը՝ իրեն:

Share