Բաժին. Այլ Լուրեր

UBS. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԵՆ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ

Շվեյցարիայի UBS բանկի տնտեսագետները կարծում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառներից են նաև գլոբալ ժողովրդագրական խնդիրները, և որպես ճգնաժամի հաղթահարման ուղի առաջարկում խրախուսել աշխատանքային միգրացիան և ավելացնել կանանց տեսակարար կշիռն աշխատանքի շուկայում:

UBS բանկի տնտեսագետների ուսումնասիրությունները վկայում են, որ բնակչության «ծերացումը» պետական ֆինանսական համակարգի և պետական պարտքի անկայունության, ինչպես նաև առողջապահության ոլորտում և կենսաթոշակային համակարգում առաջացող լարվածության հիմնական պատճառներից մեկն է:

Որպես խնդրի լուծում առաջարկվում է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք հավասարակշռություն կհաստատեն նորածինների և աշխատունակ բնակչության թվաքանակների միջև: Այս տեսանկյունից տնտեսագետներն իրատեսական ու արդյունավետ են համարում արտադրողականության բարձրացումն ու աշխատանքային միգրացիայի խթանումը: Ըստ UBS բանկի տնտեսագետների՝ արտադրողականութունը հնարավոր է բարձրացնել՝ օգտագործելով կանանց ներուժն ու տեխնոլոգիաները: Տնտեսագետները կարևորում են նաև կանանց աշխատանքային հաջողությունների խթանումը՝ վերջիններիս մայրանալու ցանկությունից չհրաժարվելու պայմաններում: Խնդրի լուծման համար առաջարկվում է ապահովել կանանց համար աշխատանքային ճկուն գրաֆիկի առկայություն ու երեխաների խնամքի համար անհրաժեշտ միջոցների ու ծառայութունների հասանելիություն:

Share