Բաժին. Այլ Լուրեր

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Շրջանառվող լուրերի համաձայն` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարի մեջ է մտել նաև Դորտմունդի Բորուսիան: 

Գերմանական Bild պարբերականը գրում է, որ Դորտմունդը փորձելու է ձեռքբերել Հենրիխ Մխիթարյանին և պայքարի մեջ է մտել Լիվերպուլի հետ: Տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանի տրանսֆերի համար Դորտմունդի Բորուսիան պատրաստ է վճարել 25 մլն եվրո: Նշենք, որ այս տարի «Դորտմունդը» մտադիր է գնել 3 խաղացող:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը նշել էր, որ ոչ մի ակումբ դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել Մխիթարյանի տրանսֆերի համար: Bild-ի տվյալներով, սակայն, «Դորտմունդ»-ի ներկայացուցիչներն արդեն դիմել են «Շախտյորին»՝ Մխիթարյանի տրանսֆերի հարցով:   

Ավելացնենք, որ արդեն քանի օր է՝ Մխիթարյանը չի միանում իր թիմին, որը ներկա պահին գտնվում է Ավստրիայում: Սերգեյ Պալկինը նշել է, որ  մարզչական ճամբար չգալու համար Մխիթարյանն անպայման կտուգանվի:

Հարկավոր է ավելացնել նաև, որ այսօր Լիվերպուլի երկրպագուներից մեկը պնդել է, որ Մխիթարյանին տեսել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում, որտեղ, երկրպագուի խոսքով, Մխիթարյանը հանդիպել է Մինո Ռայոլայի հետ: Երկրպագուն նկարել է Մխիթարյանին և նկարը տեղադրել է համացանցում: Ելնելով այս տվյալներից՝ կարելի է ենթադրել, որ Մխիթարյանի տեղափոխությունը Լիվերպուլ շատ մոտ է:

Share