Բաժին. Այլ Լուրեր

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Աշխարհի Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության շրջանակներում երեկ երեկոյան կայացել է Բրազիլիա-Ուրուգվայ հանդիպումը, որն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով: 

Դեռ խաղի սկզբնամասում ուրուգվայցիները ճնշման տակ էին պահում Բրազիլիայի պաշտպաններին, սակայն խաղի ելքը փոխվեց 13-րդ րոպեին՝ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Ֆորլանի վրիպումից հետո, ով չիրացրեց 11 մետրանոց հարվածը:

Առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Բրազիլիայի միակ մաքուր հարձակվող Ֆրեդը: Երկրորդ խաղակեսի սկզբին Էդիսոն Կավանին հաշիվը հավասարեցրեց, սակայն հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Պոուլինյոն հաշիվը դարձրեց 2-1 և բրազիլացիները դուրս եկան եզրափակիչ:

Այսօր կկայանա ևս մեկ կիսաեզրափակիչ հանդիպում՝ իսպանացիները ուղեգիրը կվիճարկեն իտալացիների հետ: Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե Դել Բոսքեն նշել է, որ սա իտալացիների համար լավ հնարավորություն է Եվրոպայի Առաջնության եզրափակչի պատասխանը տալու համար: Սակայն Դել Բոսքեն ավելացրել է, որ այսօր Իսպանիան ուժեղ է և այս խաղով կապացուցի դա:

Share