Բաժին. Այլ Լուրեր

Երևանում կայացավ ևս մեկ TEDx կոնֆերանս

Սեպտեմբերի 14-ին Երևանում կայացավ ևս մեկ TEDx կոնֆերանս: Այս անգամ էլ այն համախմբել էր մարդկանց, ովքեր ցանկանում էին ներկայացնել իրենց համարձակ գաղափարները, կիսվել հետաքրքիր մտքերով, պատմել իրենց հաջողված նախաձեռնություների մասին, ոգեշնչվել տպավորիչ պատմություններով և գտնել համախոհներ:

Արդեն չորրորդ տարին անցկացվող TEDxYerevan կոնֆերանսն այս տարի ընթացավ «Մեծ երազանքների ձեռներեցություն» խորագրի ներքո: Կոնֆերանսի մասնակիցների թիվը գերազանցում էր 300-ը:

Կոնֆերանսի ժամանակ մասնակիցներին իրենց գաղափարները, փորձն ու փիլիսոփայությունը ներկայացրեցին 14 խոսնակներ: Թեմաների շրջանակը լայն էր՝ երաժշտությունից և արևային էներգիայից մինչև «կանաչ» բիզնես:

Այսպես, գիտնական Սուրեն Գևորգյանը ներկայացրեց իր տեսանկյունը՝ Հայաստանում արևային էներգիայի զարգացման հարցում: Հետազոտող Իրինա Ղափլանյանը խոսեց Հայաստանում «կանաչ» բիզնեսի զարգացման մասին: Երիտասարդ գործարար և ՏՏ մասնագետ Նայջել Շարփը պատմեց իր միջազգային տեխնոլոգիական start-up-ի մասին:

Կորպորատիվ պատասխանատվության ոլորտի մասնագետ Նազարեթ Սեֆերյանը խոսեց պատասխանատվության տարբեր դրսևորումների մասին: Երաժիշտ Էդուարդ Մանուկյանը ներկայացրեց գիտությունը երաժշտության միջոցով գնահատելու իր փիլիսոփայությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը խոսեց հայկական հնէաբանության մասին:

«Բիզնես 24»-ի հետ զրույցում խոսնակները TEDx-ը բնորոշեցին որպես լավագույն գաղափարների տարածման եզակի միջացառում` վստահություն հայտնելով, որ այն կօգնի ներկաներին ևս մեկ անգամ խորհել ելույթներում բարձրացված հարցերի շուրջ: Նազարեթ Սեֆերյանը, մասնավորապես, նշեց, որ իր ելույթի միջոցով ցանկացել է բացահայտել այն կապը, որը կա ընտրության և պատասխանատվության, իշխանության և պատասխանատվության միջև և ցույց տալ, որ կյանքում ամեն-ինչ կախված է ընտրությունից: Սուրեն Գևորգյանը, ով արևային էներգիայի ջատագով է, նշեց, որ իր ելույթի միջոցով ցանկացել է ցույց տալ այն պոտենցյալը, որը Հայաստանն ունի այս ոլորտում: Նա վստահ է, որ վերականգնվող էներգիայի միջոցով մեր երկիրը կարող է լուծել ոլորտի խնդիրները: Իրինա Ղափլանյանն էլ, ով իր ելույթը նվիրել էր «կանաչ» բիզնեսին, նշեց, որ ելույթով ցանկացել է ցույց տալ, որ «կանաչ» բիզնեսը ևս կարող է լինել շահութաբեր:

Նշենք, որ TEDxYerevan 2013-ի ելույթների տեսագրությունները շուտով կհայտնվեն ինտերնետում:

Նախորդ տարվա TEDxYerevan-ի 15 ելույթներն արդեն դիտվել են 57,000 անգամ:

TEDx-ի մասին

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածմանե սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

TED-ի մասին

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածմանե սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և իրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը:

Share