Բաժին. Այլ Լուրեր

Ուսումնական ծրագիր՝ կենտրոնական բանկում աշխատել ցանկացողների համար

«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամը, ՀՀ կենտրոնական բանկի պատվերով, 2013 թվականի հոկտեմբերի 21-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» 1,5 ամիս տևողությամբ ուսումնական ծրագիրը:  

Կենտրոնական բանկի տարածած հայտարարության համաձայն՝ ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսելու իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերելու ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ: Ինտենսիվ դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատելու ՀՀ կենտրոնական բանկում կամ ընդգրկվելու ՀՀ կենտրոնական բանկի կադրային պահուստում:  

Դասավանդումն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի առաջատար մասնագետները:  

Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ապահոված ունկնդիրներին կտրամադրվի ավարտական վկայական՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի և «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի կողմից: 70-ից ցածր միավոր հավաքած ունկնդիրներին կտրամադրվի տեղեկանք՝ ուսումնական ծրագրին մասնակցելու վերաբերյալ:  

ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է ուսումնական ծրագրի դիմորդների հետևյալ հատկանիշների առկայությունը.  

– վերլուծական, հետազոտական ունակություն և մտածելակերպ,

– տրամաբանություն,

– հաղորդակցման հմտություն,

– օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն և այլն):

Ուսումնական ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. դիպլոմի բնօրինակը, միջուկը և դրանց պատճենները (2 օրինակ) կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից՝ ավարտական կուրսի ուսանող լինելու վերաբերյալ,

2. երկու լուսանկար (3×4 չափսի),

3. ինքնակենսագրություն կամ CV (2 օրինակ),

4. վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձանց դեպքում) (2 օրինակ),

5. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS` առկայության դեպքում)

6. անձնագրի պատճենը՝ առաջին էջ և հաշվառման էջ (2 օրինակ),

7. զինգրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ կցագրման վկայականի պատճենը (2 օրինակ):

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները:

Փաստաթղթերի ընդունումը՝ հոկտեմբերի 1-ից 16-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը` 10:00-ից 19:00-ն:

Ծրագրի արժեքը 110.000 ՀՀ դրամ է:

Պայմաններին մանրամասն ծանոթանալու նպատակով  զանգահարել 53-77-98, 53-77-40, 53-77-88 հեռախոսահամարներով կամ այցելել «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամ (ք. Երևան, Ամիրյան 26, 3-րդ հարկ, էլ. փոստ` info@fbc-edu.am):

Share