Բաժին. Այլ Լուրեր

Երևանում բացվել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանը

Երևանում, Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում, բացվել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանը: Բացման արարողությանը ներկա է գտնվել Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հուշարձանը բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում:

Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ:

Share