Բաժին. Այլ Լուրեր

Մարվել և շրջանառության մեջ է դրվել Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակին նվիրված նամականիշ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարվել և  շրջանառություն մեջ է դրվել Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:

Մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի վրա պատկերված են 30-ական թվականներին օգտագործվող  հեռախոս, ՛՛Telefonegyar R.T. Budapest’’ հեռախոս և 80-ական թվականներին օգտագործվող  հեռախոս՝ հեռախոսասյուների և հեռախոսային լարերի մոնտաժողի խորապատկերին:

Թողարկման օրը՝ 10 դեկտեմբերի 2013թ.

Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ

Դիզայներներ՝ Տաթևիկ Եսայան, Վահագն Մկրտչյան

Տպաքանակը՝ 40 000 հատ

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Նամականիշի ստեղծման գործում աջակցություն են տրամադրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, Երևան քաղաքի պատմության թանգարանը և Կապի թանգարանը:

«Ուրախ եմ ներկա գտնվել Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման այս հանդիսավոր արարողությանը։  Հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի կապի ավանդույթների զարգացման իրավահաջորդը և կանգնած է պատմության ակունքներում։ «ԱրմենՏել» ընկերության գործունեության շնորհիվ այսօր ոչ միայն Երևանի քաղաքային հեռախոսակապը, այլ նաև Հայաստանի ողջ լարային ենթակառուցվածքը համապատասխանում է ամենաժամանակակից չափանիշներին։ Մենք կշարունակենք պատվով կրել Կապավորի բարձր կոչումը և կուրախացնենք մեր բաժանորդներին նորանոր ձեռքբերումներով», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 1913 թվականին Երևանում շահագործման է հանձնվել 200 հեռախոսային համարների կարողությամբ առաջին հեռախոսակայանը, որից օգտվել է 71 բաժանորդ: 1914 թվականին ստեղծվել են նաև Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը: Այդ համակարգը պահպանվել է մինչև 1920 թվականը: Հայաստանի հեռախոսային կապը զարգացել է հատկապես հետպատերազմական տարիներին: 1948 թվականին շահագործման է հանձվել 6 հազար հեռախոսային համար ունեցող առաջին ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ):      

Share