Բաժին. Այլ Լուրեր

Ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներն ու ներկայացվել ՀԱՀ ծրագրերը

Պաշտոնական հաղորդագրության համաձաւն՝ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) կենտրոնում, որը նվիրված է եղել ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:

ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի և առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: 

Վերջինս նշել է, որ 2013 թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաև բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ պարոն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաև շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:

Ավելի ուշ ԲԳՀԽ քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջև մշտական հաղորդակցությունն ապահովելու և ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ և քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը՝ www.ehea.info: 

Հարկ  է նշել, որ որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015 թ. մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և չորրորդ քաղաքական ֆորումը: Ակնկալվում է,  որ այդ նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն:

Share