Բաժին. Այլ Լուրեր

Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամը մեկնարկում են ՀՀ մարզերում անվճար ակնաբուժական ծառայությունների 2014 թ. ծրագիրը

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2014 թ. ծրագիրը, որի շրջանակում բնակչությանն ակնաբուժական անվճար ծառայություններ են մատուցվելու Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Գեղարքունիքում աշխատանքներն իրականացվելու են ՀՀ առողջապահության նախարարության հատուկ առաջարկով:

Ընդհանուր առմամբ հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11,300 մեծահասակների և 4,600 երեխաների, տրամադրել շուրջ 2,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը  պատրաստ է այս 5 մարզերում իրականացնել ավելի քան 1,000 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

Այս օրերին Մասիս քաղաքում կայանած աչքի շարժական հիվանդանոց  այցելեցին ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի ղեկավարները: Այցի նպատակն էր ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին Արարատի մարզում, որտեղ ըստ ծրագրի հետազոտվելու է շուրջ 3,000 մեծահասակ և 1,200 երեխա, իրականացվելու է շուրջ 250 վիրահատություն և տրամադրվելու է 300 ակնոց: Շարժական հիվանդանոցը այնուհետև կայանելու է Արտաշատում (ապրիլի 7-26) և Արարատում (ապրիլի 28-ից մայիսի 14): Ակնային զննումներին զուգահեռ՝ ապրիլին մարզի իննը  դպրոցներում կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

«Արդեն 4 տարի շարունակ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ Orange Հիմնադրամն իրականացնում է այս կարևոր ծրագիրը, որի շնորհիվ ավելի քան 50,000 հոգի արդեն օգտվել են անվճար ակնային զննում անցնելու հնարավորությունից, իսկ ավելի քան 3,700 մարդ՝ անվճար վիրահատվել և ստացել լազերային բուժում: Այս ծրագիրն իրական փոփոխություն է բերում մարդկանց կյանքում՝ մասնավորապես հասարակության խոցելի անդամներին և անապահով ընտանիքներին հնարավորություն ընձեռելով ստանալ որակյալ ակնաբուժական օգնություն միանգամայն անվճար: Մենք մեծապես ուրախ ենք ազդարարել, որ 2014 թվականի ծրագիր մեկնարկել է, և որ ակնաբուժական խմբերն այս տարի կայցելեն Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Արմավիրի մարզերի բնակիչներին», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այսուհետ բնակչության ակնային զննումների պատասխանատու աշխատանքին ներգրավում ենք բացառապես տեղի ակնաբույժներին: Այսինքն՝ այսուհետ տեսողությունն անվճար ստուգելու համար քաղաքային համայնքների բնակիչները պետք է դիմեն իրենց տարածքային ակնաբույժին: Իսկ գյուղերի բնակիչների համար իրենց բնակավայրերում տարածքային ակնաբույժների կողմից կկազմակերպվեն ակնային զննումներ՝ ըստ հաստատված ժամանակացույցի, որը գյուղերի բնակիչները կարող են գտնել տեղամասային բուժկետերում փակցված հայտարարություններում՚,-ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի վերջին երեք տարիների համագործակցության շնորհիվ ավելի քան 50,000 հոգի (40,688 մեծահասակներ և 9,997 երեխաներ) անցել են ակնային զննումներ, 6,498 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3,768 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 18,140 ակնոց, 3,659 երեխաներ 53 մարզային դպրոցներում անցել են ակնային խնամքի դասընթացներ: Ծրագիրը գործել է  Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի ու Արագածոտնի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:

Share