Բաժին. Այլ Լուրեր

Ծաղկաձորում կայացել է Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն համաժողովը

Երեկ Ծաղկաձորում աշխատանքը սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ավստրիական Զարգացման Գործակալության համագործակցությամբ կազմակերպած «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» տարածաշրջանային համաժողովը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ, փորձագետներ՝ ԱՄՆ Գյուղդեպարտամենտից, Ավստրիական Զարգացման Գործակալությունից , ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։

Համաժողովի նպատակն է սերտ կապեր հաստատել Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև, երկու երկրների սահմանամերձ տարածքներում անասնապահության վարման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Համաժողովի մասնակիցները երկու օր շարունակ կքննարկեն «Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաներում կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում երկու հարևան երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման և համատեղ գործունեության համակարգման միջոցով կենդանիների հիվանդությունների վերահսկողության ծառայություններն ընդլայնելու և առողջության պահպանման գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։

Համաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով մասնակիցներին արդյունավետ աշխատանք ու քննարկումներ է մաղթել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ողջույնի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է.

Սիրելի՛ հյուրեր, համաժողովի հարգելի՛ մասնակիցներ

Թույլ տվեք ՀՀ կառավարության և անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ողջունել «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» խորագրով անցկացվող տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և ցանկանալ ստեղծագործական և արդյունավետ աշխատանք:

Թույլ տվեք միաժամանակ ողջունել մեր սիրելի հարևաններին` Վրաստանի պատվիրակությանը, ինչպես նաև երախտիքի խոսքեր ուղղել Ավստրիական Զարգացման գործակալությանը, Հայաստանում գործող` «ՔԱՐԴ» և Վրաստանում գործող` «ՀԵՅՖԵՐ» կազմակերպությունների ներկայացուցիչներին և տարբեր երկրներից հրավիրված մասնագետներին` այս միջազգային համաժողովի կայացմանը ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

Այս համաժողովը հերթական քայլն է մեր երկու բարեկամական երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները էլ ավելի սերտացնելու ուղղությամբ: Կասկած չկա, որ այն նոր հնարավորություններ կընձեռի համագործակցության տիրույթում մի նոր ոլորտ ևս ներգրավվելու համար: Եվ անասնաբուծությունը կարող է հանդիսանալ գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը:

Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներից է գյուղատնտեսության ներդաշնակ զարգացումը և կառավարության կողմից առաջիկայում աջակցություն կցուցաբերվի նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին: Մեր երկրում կարևորվում է կենդանիների առողջության պահպանումը և պետական աջակցությամբ 10 հիվանդությունների նկատմամբ իրականացվում են ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման գործընթացը, որի իրականացումը կտրուկ կբարձրացնի անասնաբուժական և տոհմասելեկցիոն աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության մակարդակը:

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, սիրելի՛ հյուրեր, ես ցանկանում եմ կրկին անգամ ողջունել համաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և ցանկանալ բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն

Share