Բաժին. Այլ Լուրեր

Կայացել է «Երևան. բիզնես-վազք 2014» մրցույթը

Երևանի քաղաքապետարանը, «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, Royal Tulip Grand Hotel Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ կազմակերպել էր «Երևան. բիզնես-վազք 2014» վազքի մրցույթը։ Արդեն չորրորդ տարին անցկացվող այս ծրագրի հիմնական նպատակը մասնագիտական զբաղվածությանը զուգահեռ այսօրինակ միջոցառումներով առողջ ապրելակերպի խթանումն է: Վազքարշավը տարեցտարի ընդլայնում է մասնակիցների քանակն ու շրջանակը: Անցկացվել է նաև մանկապատանեկան մրցավազք՝ 8-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: Մասնակիցները մրցել են հետևյալ վազքատարածություններում ու ձևերում:

1. 8-14 տարեկան երեխաներ՝ 1000մ վազքատարածություն
2. Թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում):
3. Անհատական վազք՝ 10 կմ:

Հիմնական վազքուղին մեկնարկել է «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով շարունակվել դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ:

Երեխաների մասնակցությունը եղել է անվճար: Թիմային 10 կմ փոխանցումավազքում հաղթել է «Երևանի վազորդների ակումբը», որի անդամները պարգևատրվել են մեդալներով, հատուկ ժամացույցներով, այլ մրցանակներով և տիրացել են նաև «Ավստրիական ավիաուղիների» սահմանած գլխավոր մրցանակին: Թիմը սեպտեմբերի 4-ին կմասնակցի «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին: Երկրորդ տեղն զբաղեցրել է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության թիմը, որի անդամները ևս պարգևատրվել են մեդալներով ու նվերներով: Նման կերպ խրախուսվել են նաև 3-րդ տեղը զբաղեցրած «Եռամարտի ակումբ – Երևան» թիմի անդամները: 10 կմ անհատական վազքատարածությունում լավագույնն է ճանաչվել երևանցի Վահե Իվանյանը, երկրորդը եզրագիծը հատել է ճապոնացի Հիրոկի Կանդուն և երրորդ տեղն զբաղեցրել է Մամիկոն Թորոսյանը Երևանից: Եռյակում տեղ գրաված մասնակիցները միջոցառման կազմակերպիչների կողմից արժանացել են մեդալների ու հատուկ մրցանակների: Վազքարշավին մասնակցել է 40 թիմ և 21 անհատ վազորդ:

Share