Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Մեսսիի հաղթական մուտքը առաջնություն

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության չորրորդ օրը կայացավ երեք հանդիպում:

E խմբում կայացան Շվեյցարիա – Էկվադոր և Ֆրանսիա – Հոնդուրաս խաղերը:

Շվեյցարիա – Էկվադոր խաղում անչափ համառ պայքար ընթացավ: Վերջիվերջո, խաղավարտից 10 վայրկյան առաջ, շվեյցարացիներին հաջողվեց կամային հաղթանակ տոնել` 2-1: Խաղի հաշիվը բացեցին էկվադորցիները` 22-րդ րոպեին աչքի ընկավ Վալենսիան: 48-րդ րոպեին շվեյցարացի Մեհմեդին հավասարեցրեց այն: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի ավարտից վայրկյաններ առաջ Սեֆերովիչը, մոտ տարածությունից կատարված հուժկու հարվածով, հաղթանակ պարգևեց Շվեյցարացիներին:

Ֆրանսիա – Հոնդուրաս խաղում եվրոպացիների առավելությունն ակնհայտ էր: Ֆրանսիայի հավաքականը հաղթանակ տարավ 3-0 հաշվով: Խաղի 45-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածով, ֆրանսիացիներին առաջ մղեց Կարիմ Բենզեման: 48-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլ` «աչքի ընկավ» հոնդուրասցի Վալադարեսը: 72-րդ րոպեին կրկին գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:

F խմբում կայացավ Արգենտինա – Բոսնիա-Հերցոգովինա հանդիպումը, որն ավարտվեց հարավամերիկացիների հաղթանակով` 2-1:  Խաղի 3-րդ րոպեին արգենտինացիներն առաջ անցան հաշվի մեջ` բոսնիացի Կալաշինակի կողմից գրանցվեց ինքնագոլ: 65-րդ րոպեին հոյակապ անցման և գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: 85-րդ րոպեին Բոսնիացիներին հաջողվեց կրճատել մեկ գնդակ` աչկի ընկավ Իբիշեվիչը:

Այսօր` առաջնության հինգերորդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Գերմանիա – Պորտուգալիա / Խումբ G
2. 23:00 Իրան – Նիգերիա / Խումբ F
3. 02:00 Գանա – ԱՄՆ / Խումբ G

Առաջնության 4-րդ օրը ևս անչափ արդյունավետ էր, բոլոր խաղերում խփվեց 3-ական գնդակ: Մինչ այժմ կայացած 11 խաղում արդեն խփվել է 37 գնդակ` մեկ խաղում միջինը 3.36 գնդակ:

Share