Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. օրվա հերոսը` Մեքսիկայի դարպասապահ Գիլերմո Օչոա

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության վեցերորդ օրը կայացավ երեք հանդիպում:

H խմբում կայացան Բելգիա – Ալժիր և Ռուսաստան – Հարավային Կորեա խաղերը:

Բելգիա – Ալժիր խաղում եվրոպացիներին հաջողվեց կամային հաղթանակ տոնել` 2-1: Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեցին ալժիրցիները` 11 մետրանոց հարվածը դիպուկ իրականացրեց Ֆեղուլին: 70-րդ րոպեին Ֆելաինին հավասարեցրեց այն` 1-1, իսկ 80-րդ րոպեին Բելգիային հաղթանակ բերեց Մերտենսի հարվածը:

Ռուսաստան – Հարավային Կորեա խաղն ավարտվեց ոչ ոքի` 1-1: Խաղի հաշիվը 68-րդ րոպեին, ռուսների դարպասապահ Ակինֆեևի սխալի հետևանքով, բացեց Կ. Հ. Լին: 74-րդ րոպեին ռուսները հավասարեցրին այն` աչքի ընկավ ռուսական թիմի հարձակվող Կերժակովը:

A խմբում մեկնարկեց երկրորդ մրցափուլը: Օրվա կենտրոնական խաղում հանդիպեցին Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները: Խաղն անցավ անչափ գեղեցիկ և դինամիկ պայքարում, սակայն գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի` 0-0: Բրազիլացիների բոլոր գրոհները չեզոքացվեցին մեքսիկացիների տաղանդաշատ դարպասապահ Գիլերմո Օչոայի կողմից: Օչոան մի քանի անգամ իր թիմին փրկեց անհավանական թվացող իրավիճակներում: Նշենք, որ Մեքսիկացիները նույնպես փորձում էին սուր գործել, և մի քանի անգամ գոլ գրանցելու լավ հնարավորություններ ունեին:

Այսօր` առաջնության յոթերորդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Ավստրալիա – Նիդերլանդներ / Խումբ B
2. 23:00 Իսպանիա – Չիլի / Խումբ B
3. 02:00 Կամերուն – Խորվատիա / Խումբ A

Առաջնության 6-րդ օրը կայացած 3 խաղում խփվեց 5 գնդակ: Մինչ այժմ կայացած 17 խաղում արդեն խփվել է 49 գնդակ` մեկ խաղում միջինը 2.88 գնդակ:

Share