Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. ցտեսություն Իսպանիա

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության յոթերորդ օրը կայացավ երեք հանդիպում:

B խմբում կայացան Ավստրալիա – Նիդերլանդներ և Իսպանիա – Չիլի Կորեա խաղերը:

Անչափ հետաքրքիր ստացվեց Ավտրալիա – Նիդերլանդներ խաղը, որում եվրոպացիները մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեցին` 2:3: Նշենք, որ չնայած պարտությանը, Ավստարալիայի հավաքականը հոյակապ հանդիպում անցկացրեց: Խաղի 20-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբենը, մեկ րոպե անց ավստրալացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվ` գոլը հեղինակեց Կահիլը: 54-րդ րոպեին ավստարալացիներին, 11 մետրանոց տուգանային հարվածով, առաջ մղեց Ջեդինեքը: Նիդերլանդների պատասխանը երկար սպասել չտվեց: 58-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռոբին Վան Պերսին, իսկ 68-րդ րոպեին եվրոպացիներին հաղթանակ բերեց Մեմֆիսը:

Իսպանիա – Չիլի խաղում գրանցվեց այս առաջնության հերթական անակնկալը, և կրկին իսպանացիների մասնակցությամբ` խաղն ավարտվեց Չիլիի հաղթանակով` 2-0: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Վարգասը, իսկ վերջնական հաշիվը 43-րդ րոպեին ձևակերպեց Արանգուիսը:

B խմբի երկրորդ փուլի հանդիպումների ավարտից հետո արդեն որոշվեցին 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը` Նիդերլանդներ, Չիլի: Առաջնությունից անփառունակ կերպով դուրս մնաց գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Անցած երկու խաղերի ընթացքում իսպանացիներն իրենց ֆուտբոլին նման ֆուտբոլ խաղացին միայն Նիդերլանդների հետ խաղի սկզբնամասում: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ աշխարհի գործող չեմպիոնը չի կարողանում հաղթահարել խմբային փուլը կամ էլ շատ անհաջող է էլույթ ունենում, այդպես եղավ 2002-ին` Ֆրանսիայի, 2010-ին` Իտալիայի, նման մի բան տեղի ունեցավ նաև 2006-ին` Բրազիլիայի հետ:

A խմբում կայացավ Կամերուն – Խորվաթիա խաղը, որում կատարյալ առավելություն ունեին եվրոպացիները: Կարծես թե խորվաթները Բրազիլիայից կրած անարդար պարտության վրեժը լուծեցին Կամերունից` 4-0: 11-րդ րոպեին հաշիվը բացեց Օլիչը, այնուհետ 48-րդ րոպեին այն կրկնապտկեց Պերշիչը, իսկ 61 և 73 րոպեներին աչքի ընկավ Մանջուլիչը:

A խմբում ավարտված երկրորդ մրցափուլից հետո Կամերունի Հավաքականը լքեց առաջնությունը:

Այսօր` առաջնության ութերորդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Կոլումբիա – Կոտ դ’Իվուար / Խումբ C
2. 23:00 Ուրուգվայ – Անգլիա / Խումբ D
3. 02:00 Ճապոնիա – Հունաստան / Խումբ C

Առաջնության 7-րդ օրը կայացած 3 խաղում խփվեց 11 գնդակ: Մինչ այժմ կայացած 20 խաղում արդեն խփվել է 60 գնդակ` մեկ խաղում միջինը 3 գնդակ:

Share