Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետը լուրջ խոսակցություն է ունեցել Մշակույթի նախարարի հետ. «Զվարթնոց»-ում կատարվածի պատճառով աշխատանքից ազատվածներ կան

Այսօր, Դիջիտեք Բիզնես Ֆորումի շրջանակներում, լրագրողների հետ շփման ընթացքում, անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի և Զվարթնոցի շուրջ վերջին օրերին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցով լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի հետ և պահանջել, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ու պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության: «Այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այսուհետ պետք է բացառել նման պայմանավորվածությունները և այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Մշակույթի նախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Share