Բաժին. Այլ Լուրեր

Օֆշորային սկանդալ. Աշոտ Սուքիասյանը ցանկացել է Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին նվեր մատուցել

Հայտնի Օֆշորային Սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանն առաջին ցուցմունքն է տվել, որում հայտնել է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդի տեղապահ Նավասարդ Կճոյանի անուններով բանկային հաշիվները բացել է որպեսզի վերոնշյալ անձիք նրան «կռիշ լինեն», իսկ այժմ էլ պնդում է, որ ցանկանում էր նվեր մատուցել Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ Օֆշորային Սկանդալի հիմքը դրվել է 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Share