Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Գերմանիան՝ աշխարհի քառակի չեմպիոն

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում կայացավ վերջին երկու հանդիպումը: Հուլիսի 12-ին երրորդ տեղի համար մրցեցին Բրազիլիան և Նիդերլանդները, իսկ երեկ գիշեր կայացավ առաջնության գլխավոր հանդիպումը՝ եզրափակիչում մրցեցին Գերմանիան և Արգենտինան:

Երրորդ տեղի համար հանդիպումը ցույց տվեց, որ բրազիլացիները դեռևս ուշքի չեն եկել գերմանացիներից կրած 7-1 ջախջախիչ պարտությունից հետո: Նիդերլանդների հետ խաղն ավարտվեց եվրոպացիների հաղթանակով՝ 3-0: Այստեղ պետք է նշել նաև մրցավարների սխալների մասին, որոնց հետևանքով Նիդերլանդները զգալի առավելություն ստացան, սակայն խաղի պատկերը ամեն դեպքում վկայում էր այն մասին, որ այդ օրը Նիդերլանդների հավաքականն ավելի ուժեղ է: Խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածով բացեց Ռոբին Վան Պերսին՝ 3-րդ րոպե, այնուհետ աչքի ընկավ Բլինդը՝ 17-րդ րոպե, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում վերջնական հաշիվը ձևակերպեց Վիյնալդումը:

Երեկ գիշեր կայացավ եզրափակիչ խաղը՝ Արգենտինա – Գերմանիա: Հիշեցնենք, որ սա 1986 և 1990 թվերի եզրափակիչների կրկնությունն էր: Խաղն անցավ համառ պայքարում: Գնդակին ավելի շատ տիրում էին եվրոպացիները, իսկ արգենտինացիներն իրենց հերթին սուր հակագրոհների էին դիմում: Խաղի ընթացքում արգենտինացիները հաշվի մեջ առաջ անցնելու երկու 100%-անոց հնարավորություն կորցրեցին: Նախ Իգուայինը չկարողացավ գրավել Նոյերի դարպասը, այն բանից հետո, երբ գերմանացիների սխալից հետո մենակ մնաց Նոյերի դիմաց, իսկ խաղավերջում նման մի հնարավորություն բաց թողեց Պալասիոն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0: Լրացուցիչ ժամանակի 23-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մարիո Գյոցեն: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ այս ցուցանիշով հավասարվելով Իտալիաային: Սա առաջին անգամն էր, երբ եվրոպական հավաքականը չեմպիոն դարձավ Ամերիկյան մայցամաքում անցկացվող առաջնությունում:

Նշենք, որ եզրափակիչ խաղի ավարտին առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց Լիոնել Մեսսին, սակայն շատ մասնագետներ տարակուսած են, քանի որ կարծում են, որ Մեսսին ամենևին էլ լավագույնը չէր:

Նշենք նաև, որ առաջնության 64 խաղում խփվեց 171 գնդակ` մեկ խաղում միջինը 2.67 գնդակ: Հաջորդ՝ 2018թ.-ի առաջնությունը կկայանա Ռուսաստանում:

Share