Բաժին. Այլ Լուրեր

Չեմպիոնների Լիգա. 8 խաղ և 40 գոլ (տեսանյութ)

Երեկ երեկոյան, ԲԿՄԱ – Մանչեսթեր Սիթի հանդիպումով մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության նախընտրական փուլի երրորդ տուրը: Ռուսական ԲԿՄԱ-ն 2-2 խաղաց անգլիական Մանչեսթեր Սիթիի հետ: 

Այս տուրի միակ ոչ գոլառատ հանդիպումը կայացավ Կիպրոսում, որտեղ ՀԱՊՈԵԼ-ը սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին:

Բելոռուսում կայացած հանդիպման ընթացքում Դոնեցկի Շախտյորի ֆուտբոլիստները յոթ անպատասխան գնդակ խփեցին տեղի ԲԱՏԷ-ի դարպասը: Այս խաղում հինգ գոլի հեղինակ դարձավ Շախտյորի հարձակվող Լուիս Ադրիանոն:

Կատալոնական Բարսելոնան 3-1 հաշվով կարողացավ պարտության մատնել Այաքսին: Խաղի 7-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նեյմարը: 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Լեո Մեսսին: Խաղի 88-րդ րոպեին Այաքսի խաղացողները կարողացան կրճատել գոլերի տարբերությունը, սակայն  94-րդ րոպեին Բարսելոնայի 19 ամյա կիսապաշտպան Սանդրո Ռամիրեսը խփեց երրորդ գոլը: 

Լոնդոնի Չելսին սեփական հարկի տակ 6-0 հաշվով հաղթեց Մարիբորին: Հանդիպման 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոիկ Ռեմին, ով խփած գոլից անմիջապես հետո վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը: Հանդիպման ընթացքում բացի Ռեմիից գոլի հեղինակ են դարձել Դիդիեր Դրոգբան և Ջոն Թերրին: Այս խաղում գրանցվել է նաև ինքնագոլ, հանդիպման 54-րդ րոպեին Էդեն Ազարի հարվածից հետո Մարիբորի պաշտպան Վիլերը գնդակն ուղեց սեփական դարպասը: Քիչ անց 11 մետրանոց հարվածի և սեփական վարպետության հաշվին դուբլ ձևակերպեց Էդեն Ազարը: Նշենք, որ  Մարիբորի կիսապաշտպան Իբրաիմին չիրացրեց 11 մետրանոց հարվածը:

Այս տուրի անակնկալ հաշիվը գրանցվեց Հռոմում, որտեղ Բավարիան 1-7 հաշվով հաղթանակի հասավ Ռոմայի նկատմամբ:  Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ռոբբենը, ով 30-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: Այս խաղում Բավարիայի ֆուտբոլիստներից իրենց ակտիվներում գոլեր գրանցեցին Ռոբբենը, Գյոթցեն, Լևանդովսկին, Մյուլլերը, Ռիբերին և Շակիրին, իսկ Ռոմայի կազմում միակ գոլը խփել է Ժերվինիոն:

Պորտուգալական Պորտուն 2-1 հաշվով պարտության մատնեց Աթլետիկ Բիլբաոին, իսկ գերմանական Շալկե 04-ը հանդիպման 93-րդ րոպեին իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ 4-3 հաշվով հաղթեց Լիսաբոնի Սպորտինգին:

Share