Բաժին. Այլ Լուրեր

Պորտուգալիայի նախկին վարչապետը մեղադրվում է կաշառակերության համար

«Գերմանական ալիքի» փոխանցմամբ` Պորտուգալիայի ոստիկանությունը Լիսաբոնի օդանավակայանում ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեշին, ով մեղադրվում է հարկերից խուսափելու, փողերի լվացման և կաշառակերության համար:

Սոկրատեշը նախարարների կաբինետը ղեկավարել է 2005-2011թթ. ընկած հատվածում: Նա հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից, հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը մերժել է նախարարների կաբինետի առաջարկած տնտեսման կոշտ միջոցառումների ծրագիրը:

Նկատենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամից հետո Պորտուգալիայի տնտեսությունը կարողացել է ետընթացից դուրս գալ միայն 2013-ին: Իսկ այս տարվա մայիսին ավարտվել է միջազգային վարկատուների` Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված ֆինանսական աջակցության եռամյա ծրագիրը:

Ընթացիկ տարվա համար պորտուգալական կառավարությունը կանխատեսում է պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության` 127,2%-ից մինչև 123,7% նվազում, ինչպես նաև ՀՆԱ-ի տեմպերի արագացում մինչև 1,5%: Գործազրկության մակարդակը ներկայի 14,2%-ից կնվազի մինչև 13,4%:

Share