Բաժին. Այլ Լուրեր

Սկսվել է «Հին Երևան» ծրագրի իրագործումը

Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմաքեշի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում համաձայնագիր ստորագրեցին «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: 

Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին: Կառուցապատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը կհամաձայնեցվի կողմերի միջև՝ որպես համաձայնագրի անբաժան մաս:

Նշենք, որ Վարդան Սիրմաքեշը հանդիսանում է «Արմսվիսբանկի» սեփականատեր և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, ինչպես նաև շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիրն է: Ավելացնենք, որ Վարդան Սիրմաքեշին պատկանող «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը Հայաստանում կատարել է 1.4մլն ԱՄՆ դոլարի ներդրու: Բացի այդ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գործում է «Ֆրանկ Մյուլեր»-ի պաշտոնական ներկայացուցչություն:

«Հին Երևան» նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share