Բաժին. Այլ Լուրեր

Կարասը հերքում է տարածված զրպարտանքը

Ի պատասխան տարածված խեղաթյուրված լուրերի, թե «Կարասը Ամանորին նեխած բդեր է վաճառել քաղաքացիներին», Կարաս ազգային սննդի ցանցը հերքում է այս ապատեղեկատվությունը:

Սովորաբար, երբ հաճախորդը դժգոհում է գնված ապրանքի որակից, ետ է վերադարձնում այն և, համաձայն սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի, վաճառողը իր հաշվին փորձաքննություն է կատարում: Մենք միշտ պատրաստ ենք ետ ընդունել ապրանքը և պարզել մեր հաճախորդի դժգոհության պատճառը: Սակայն անհասկանալի հանգամանքներով, մեզ մի քանի անգամ մերժել են վերոհիշյալ ապրանքի վերադարձի հարցում, չնայած այն փաստի, որ հեռախոսազրույցում հաճախորդը նշում է, որ գնված երկու խոզի բդերից մեկն առայժմ դեն չի նետվել: Մենք տեսել ենք միայն հոդվածում տեղադրված նկարները, որոնք չեն կարող հիմք ընդունվել և որոնցով հնարավոր չէ կարծիք կազմել, թե բուդը նեխած է: Հոդվածագիրը բազմիցս հակասում է ինքն իրեն` պնդելով որ խոզի բդի փոխարեն Կարասը տրամադրել է խոզի թիակ, այնինչ հոդվածի, որպես միակ փաստ հրապարակվող նկարը, խոզի բդի նկար է, հոդվածագիրը նշում է, որ ի սկզբանե բուդն ունեցել է ախորժալի տեսք, այնինչ վերոհիշյալ նկարում, որպես նեխածի ապացույց, նշված է հենց բդի արտաքին մասը:

Ութ տարի շարունակ, Ամանորի նախաշեմին, Կարաս ցանցի կողմից տոնական առաջարկներում ներկայացված խոզի բդերը պատրաստվում են բացառապես թարմ և տեղական խոզի մսից: Այս տարի մեծ քանակությամբ խոզի բուդ է վաճառվել, որոնք գնվել են մեկ մատակարարից: Բոլոր պատվերները պատրաստվել են դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ անմիջապես առաքվելով պատվիրատուներին: Կարաս ցանցի թեժ գիծն աշխատել է հունվարի 1-ից, սակայն ոչ մի ահազանգ չի գրանցվել, իսկ վերոհիշյալ խնդիրն ի հայտ է եկել միայն օրեր անց՝ հունվարի 6-ին: Ընդ որում, hաճախորդը նշում է, որ իր կողմից խնդիրը բացահայտվել է դեռ հունվարի 2-ին: Հետաքրքիր է այն փաստը, որ հաճախորդը հենց ինքն է նշում, որ բուդը պահել է «դրսում»: Բոլորս էլ գիտենք, որ հունվարի 1-ից մայրաքաղաքում եղանակը +8-10C է եղել: Եվ պարզ է, որ տոն օրերին բուդն առավել երկար ժամանակ տեղադրված է լինում սեղանին՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում (+20C-ից բարձր): Հաշվի առնելով վերը նշված փաստերը, խնդիրը կարող էր առաջանալ միայն ապրանքը սպառողին հանձնելուց հետո՝ նրա կողմից պահման սահմանված կանոնները խախտելու հետևանքով:

Կարաս ցանցի գործունեության հիմնական սկզբունքը հաճախորդներին գոհացնելն է: Մենք միշտ բաց ենք դիտողությունների համար և, որպես կանոն, խնդիրներին լուծում ենք տալիս հաճախորդների օգտին, անգամ` եթե խնդիրը մեր պատճառով չի առաջացել: Ինչ վերաբերում է մատուցվող սննդին, ապա մենք երաշխավորում ենք բարձր որակ և միշտ պատասխանատու ենք դրա համար: Ապացույցներից մեկն այն է, որ Կարասը EBRD-ի հետ համատեղ 2014թ-ի սեպտեմբերից իրականացնում է ծրագիր, որի հիմքում ընկած է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշների ներդրումը, որոնք գործում են Արևմտյան Եվրոպայում, Կանադայում և ԱՄՆ-ում: 

Հիշեցնենք, որ այս ծրագիրը հիմնականում կիրառվում է սնունդ արտադրողների և հասարակական սննդի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վերահսկման կրիտիկական կետերին, որոնցում սննդամթերքի օգտագործման հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը հնարավոր է կանխել, վերացնել կամ հասցնել ընդունելի մակարդակի՝ վերահսկման նպատակային միջոցառումների կիրառման դեպքում: 

Երբ առանց որևէ փաստի, հրապարակայնորեն, նման տեղեկատվություն է տարածվում, երբ սպառողը կտրականապես հրաժարվում է համագործակցել վաճառողի հետ և ժամանակին վերադարձնել ապրանքը խնդրի պատճառները պարզելու և նրա շահերը պաշտպանելու նպատակով՝ ավելի քան ակնհայտ է դառնում, որ լուրը տարածողներն այլ շահ են հետապնդում: Այս ուղղորդված ապատեղեկատվությունը վարկաբեկում է Կարաս ցանցի գործարար բարի համբավը՝ մոլորության մեջ գցելով մեր բազմաթիվ հավատարիմ հաճախորդներին, որոնց հանդեպ մենք մեծ պատասխանատվություն ունենք:

Հ.Գ. Կարաս ազգային սննդի ցանցը հորդորում է բոլոր լրատվամիջոցներին, առանց հիմնավոր փաստերի չհրապարակել նյութեր, որոնց ճշմարտացիությունն ապացուցված չէ և չվարկաբեկել տեղական արտադրողներին, որոնք, առանց այն էլ դժվարին տնտեսական պայմաններում, աշխատատեղերեն են ստեղծում և փորձում իրենց լուման ներդնել հայրենիքի զարգացման գործում:

Share